ԿարևորՀասարակությունՄշակույթ

Պատերազմը հարցեր լուծելու ամենաանգրագետ եղանակն է, բայց… Արցախյան պատերազմը կինոռեժիսորի աչքերով

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»
88-ին Արցախում իրավիճակն արդեն լարված էր, բայց պատերազմի դեռ չէր վերածվել: Այդ ժամանակ էր, որ ռեժիսոր Արման Մանարյանի հետ մեկնեց Ղարաբաղ՝ նկարահանելու «Պայթյուն» ֆիլմը: «Այնտեղ էլ, ինչպես ասում են, աչքերս բացվեցին ու վարակն ընկավ մեջս: Պատերազմն ինձ վերջնականապես կինո բերեց»,- պատմում է ազատամարտիկ, ռեժիսոր Սամվել Թադևոսյանը։

Նախկին ազատամարտիկի համոզմամբ՝ պատերազմը հարցեր լուծելու ամենաանգրագետ եղանակն է, բայց քանի որ ունենք հարևաններ, որոնք հարյուրավոր տարիներ մեզ դիտում են որպես կերակուր, ուստի մենք էլ ստիպված ենք պաշտպանվել։ «Արցախյան պատերազմն ուղղեց ցեղասպանությունից կոտրված մեր ողնաշարը, դա նաև ոգու ապստամբություն էր: Հարյուր տարին շատ չէ ժողովրդի ցավն ու հիշողությունը ջնջելու, թշնամու արածը մոռանալու համար, թշնամի, որը նորից գլուխ է բարձրացրել»,-ասում է Սամվել Թադևոսյանը։

«1992 թվականի մայիսի 18-ին դաշնակցական ջոկատի հետ մտա Լաչին: Այնքան երջանիկ էի, որ դրա հաջորդ օրն իսկ կարող էի հանգիստ մեռնել: Աչքիս առաջ ալաշկերտցի պապս էր, որն ինձ ասում էր.«Լաո’, դու կտեսնիս էրգիր»: Հետգայում, երբ գնացի Ալաշկերտ, չհուզվեցի, լաց չեղա, հողը գրպանս չլցրեցի, չնայած զգացի՝ ինչ ծանր բան է հայրենիք կորցնելը: Պատճառն այն էր, որ Լաչինում ինձ բավարարված էի զգացել, հաղթանակած ու բարդույթներից ազատագված…»։

Հայտնի «Խոնարհ հերոսներ» ծրագրի շրջանակներում Սամվել Թադևոսյանը երեսուն ֆիլմ է ստեղծել: Առաջին ֆիլմը նվիրված էր ընկերոջն ու համակուրսեցուն՝ Մովսես Գեորգիսյանին: Հետաքրքիր էր ռեժիսորի «Չկրակված փամփուշտներ» ֆիլմի գաղափարը, որտեղ հերոսներն իրենք իրենց են մարմնավորում: Հետաքրքիր է նաև ֆիլմի նախապատմությունը: «Զանգելանի գործողությանը ես մասնակցում էի Սիսիանի և Կապանի ջոկատների տղաների հետ և առանձնահատուկ վերաբերմունք ունեի Սիսիանի գումարտակի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ: Իզուր չէ, որ նրան «Երկաթ» մականունն են տվել, բացառիկ քաջ ու ազնիվ մի անձնավորություն, որը անմռունչ տարավ երիտասարդ ու տաղանդավոր եղբոր կորստի վիշտը: Երբ «Խոնարհ հերոսներ» շարքն արդեն ընթացքի մեջ էր, Աշոտին ասացի, որ արդեն Աղվանին՝ նրա եղբորը, անդրադառնալու ժամանակն է»։

Որոշվեց, որ այդ ֆիլմը պետք է լինի խաղարկային: Մեկ տարի անց ծնվեց սցենարը: «Այդ ընթացքում ուսումնասիրեցի Աղվան Մինասյանի ստեղծագործությունները, անտիպ բանաստեղծությունները, որոնք հիշեցնում են Դուրյանի աշխարհը, նույն խորությունն ու հարստությունը»: Աղվան Մինասյան, բացառիկ տաղանդավոր մի մարդ, ում կյանքի թելն ընդհատվեց ընդամենը 22 տարեկանում: «Չկրակված փամփուշտներ» ֆիլմը նկարահանվեց պետպատվերի շրջանակում և դարձավ «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված վերջին աշխատանքը: Պրեմիերան տեղի ունեցավ 2006-ին:

Սամվել Թադևոսյանի հուշերում պատերազմից մնացած բազմաթիվ դրվագներ կան, որոնց ևս կցանկանար անդրադառնալ։ «Հաջորդ տարի նշելու ենք հրադադարի 20-րդ տարին: Իմ հուշերում մի քանի դրվագներ կան, որոնց ուզում եմ անդրադառնալ: Նախ՝ խոսքը մի ընտանիքի մասին է, ավելի ճիշտ կնոջ, որը պատերազմում կորցրեց նախ ամուսնուն, որը հետախուզության պետ էր, հետո՝ 17 և 12 տարեկան երկու որդիներին: Նրա երրորդ երեխան հոգեկան խանգարում ստացավ, որովհետև 12 տարեկան եղբայրը սեփական ձեռքերի մեջ էր մահացել»։ Ըստ Թադևոսյանի՝ սա զոհաբերության ընդամենը մեկ օրինակ է: Իսկ նման օրինակները բազմաթիվ են, և դրանց մասին շատերը գրեթե ոչինչ չգիտեն:

«Մեկ ընտանիքի օրիանակով, խաղարկային ֆիլմի միջոցով կցանկանայի բացահայտել այն գինը, որ վճարել ենք մեր հաղթանակի ու մոտ 20 տարի պահպանվող խաղաղության դիմաց»,- ասում է նախկին ազատամարտիկը՞

Ցուցադրել ավելի
Back to top button