ԿարևորՎերլուծականՔաղաքական

Արաբական գարնան մայրամո՞ւտը. պայքար քաղաքական իսլամի եւ աշխարհիկ կարգի միջեւ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Հուլիսի սկիզբներից Եգիպտոսում սկսված անկարգությունների ընթացքում մոտ 2000 մարդ է սպանվել: Միայն վերջին չորս օրերին Եգիպտոսի տարբեր շրջաններում բախումների զոհ է դարձել ավելի քան 830 մարդ։  Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցնում է, որ Եգիպտոսում շարունակվող արյունահեղությունների այս օրերին այնտեղ հանգստացող Հայաստանի քաղաքացիներ չկան։ Պաշտոնական տվյալներով Եգիպտոսում ապրում է Հայաստանի 400 քաղաքացի՝ այդ թվում երկքաղաքացիները: Հայաստանի ատգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ այս պահին Հայաստանի 10 քաղաքացի աշխատանքի բերումով գտնվում են Խուրգադայում: Նրանց հետ, Տիգրան Բալայանի վստահեցմամբ, մշտական կապ է պահպանվում։

Եգիպտոսում տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները, արաբագետ Արաքս Փաշայանի գնահատմամբ, ըստ էության, հիշեցնում են 1990-ականներին մեկ այլ արաբական երկրում` Ալժիրում կատարված դեպքերը: Խոսքն այն մասին է, որ 90-ականներին խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթանակ տարան իսլամիստները, սակայն զինվորականները թույլ չտվեցին, որ նրանք իշխանության գան։

Պայքար քաղաքական իսլամի եւ առհասարակ աշխարհիկ համակարգերի կամ գաղափարախոսությունների միջեւ` ամենաառաջնայինը սա է ընկած եգիպտական այս արյունահեղությունների հիմքում, նկատեց արաբագետը` հավելելով նաեւ, որ շատ ու շատ այլ գործոնների մասին, իհարկե, նույնպես կարելի է խոսել, սակայն անվերապահորեն տվյալ հանգամանքը կարելի է առանձնացնել։

 

Հնարավո՞ր է արդյոք խոսել նրա մասին, որ, Եգիպտոսում, ըստ էության, զինվորականությունը վերջ դրեց, այսպես ասած, արաբական գարնանը: Արաբագետ Արաքս Փաշայանը նկատեց, որ Եգիպտոսում տարբեր ու բազմաշերտ խմորումներ են տեղի ունենում: Նրա փոխանցմամբ` շատ հետազոտողներ Եգիպտոսի իրադարձություններն արդեն իսկ որակել են որպես հակահեղափոխություն:

Ամեն դեպքում՝ Արաքս Փաշայանի դիտարկմամբ՝ չափազանց դժվար է ասել, թե եգիպտական հասարակության մեծամասնությունն արդյո՞ք իսլամիստների կողմնակից է, հետեւաբար` շատ դժվար է ասել, թե որ գաղափարախոսությունն է այդ երկրի համար ճիշտ ճանապարհը։

Արաբագետի գնահատմամբ` իսկապես չափազանց բարդ ու շատ խրթին իրավիճակ է ստեղծվել Եգիպտոսում, երբ երկրի հասարակության երկփեղկվածությունը ստեղծում է հակասությունների շատ բարդ մի կծիկ` հնարավորություն չտալով հասկանալ, թե իսկապես որն է այն ճշմարտությունը, որը պետք է դրվի եգիպտական հասարակության հիմքում։

 

Մինչ հնարավոր կլինի գտնել բարդ ու խճողված կծիկի քանդման ծայրը` խմորումները Եգիպտոսում շարունակվում են եւ արյունահեղությունները նորանոր զոհեր են խլում: Միջազգային լրատվամիջոցները, Եգիպտոսի իրենց աղբյուրներին հղումներ անելով, տարբեր տեղեկություններ են հայտնում ահագնացող արյունահեղությունների վերաբերյալ: «Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, օրինակ, Եգիպտոսի բանտերից մեկում «Մահմեդական եղբայրներ» շարժման կողմնակից 38 կալանավոր է մահացել: Գործակալությունը տեղեկացնում է, որ նման տեղեկություն է ստացել Եգիպտոսի անվտանգության ծառայության իր աղբյուրներից։

Հաղորդվում է նաեւ, որ կալանավայրերից մեկում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որից օգտվելով մի քանի կալանավոր փախուստի փորձ է կատարել, որի ընթացքում էլ սպանվել են: «Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները հաստատել է կալանավորների մահվան մասին լուրը, սակայն կոնկրետ թիվ չեն նշել: «France-Presse» գործակալությունն էլ իր հերթին տեղեկացրել է, որ մի խումբ կալանավորներ փորձել են դիմել փախուստի` այլ կալանավայր տեղափոխվելիս: «France-Presse»-ը նաեւ հաղորդում է, որ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։

Նշենք նաեւ, որ միջազգային լրատվական գործակալությունների հաղորդմամբ` վերջին մեկ ամսվա ընթացքում Եգիպտոսում ձերբակալվել են  «Մահմեդական եղբայրներ» շարժման  և պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի հարյուրավոր կողմնակիցներ: Լրատվամիջոցները նաեւ փոխանցել են, որ շարժման 250 անդամի նկատմամբ սկսվել է քննություն` ահաբեկչության եւ սպանությունների մեղադրանքով։

Եգիպտոսի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Աբդուլ Ֆաթհ Սիսին հայտարարել է, որ զինվորականները չեն համակերպվի երկրում բռնությունների հետ: Գեներալ Սիսին Մուրսիի կողմնակիցներին կոչ է արել վերականգնել երկրում ժողովրդավարական ուղին եւ միանալ քաղաքական գործընթացին։

Back to top button