ԿարևորՀասարակություն

Ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքողները ճնշում կգործադրեն ռեկտորների վրա

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

2013 թ. սեպտեմբերից Հայաստանի մի քանի բուհերում ուսման վարձերը կթանկանան  80-200 հազ. դրամով: Այս հանգմանքը բողոքի մեծ ալիք է բարձրացրել երիտասարդության շրջանում և ձևավորված մի քանի խմբերը միմյանցից անկախ պայքարում են միևնույն խնդրի` վարձավճարների թանկացման դեմ: Բազմաթիվ ուսանողներից և ակտիվիստներից բացի շարժմանը միացել են նաև մտավորականներ, դասախոսներ և հրապարակախոսներ:

Երկու օր շարունակվող բողոքի ակցիաները ընթանում էին կառավարության և ԿԳ նախարարության շենքերի առջև` պահանջելով գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպում: Եթե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չհանդիպեց ակտիվիստների հետ, ապա ԿԳ նախարարը ոչ թե հանդիպեց, այլ կարելի է ասել ընդունեց նրանց իր աշխատավայրում:  Նախարարի այդ քայլը սակայն այնքան էլ չգոհացրեց ակցիայի մասնակիցներին։ Նախարարի հետ հանդիպումից հետո ակտիվիստները որոշեցին ամեն օր երեկոյան երթեր կազմակերպել քաղաքի կենտրոնական փողոցներում: Ակտիվիստները երթերը հարկ եղած դեպքում շարունակվելու են մինչև ուսումնական տարվա սկիզբ։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, ակցիայի մասնակից  Հարություն Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշելով, որ նախարար Աշոտյանն ասել է, որ ուսման վարձավճարները սահմանում են բուհերը եւ խնդիրը ռեկտորների իրավասության տակ է, նշեց, որ հետագա գործողություններում նրանք պատրաստվում են ճնշում գործադրել ռեկտորների վրա եւ պայքարել, մինչեւ որ ուսման վարձավճարների բարձրացման որոշումը չեղյալ չհամարվի։

Նշենք, որԿԳ նախարարը հայտարարել էր, որ լավ կյանքից չէ, որ պետությունը կայացրել է ուսման վարձերի թանկացման որոշումը: Նախարարը հիշեցրել էր նաև, որ Հայաստանում գործող բոլոր բուհերից միայն 5- ում են վարձերը թանկացել։ Դրանք են` Երևանի պետական, տնտեսագիտական, ճարտարագիտական, ճարտարապետաշինարարական համալսարանները, Թատրոնի եւ կինոյի ինստիտուտը , Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

Թեև վարձավճարների թանկացումը անխուսափելի է, անհրաժեշտ է ապահովել նաև բուհերի բյուջեի թափանցիկությունը, ասել էր ԿԳ նախարարը` հավելելով՝  ուսանողները պետք է իմանան, թե ինչի վրա են ծախսվում իրենց վճարները։

Ցուցադրել ավելի
Back to top button