Քաղաքական

Հայաստանը տարածաշրջանային գործոն չի դառնում, ասում է Լարիսա Ալավերդյանը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ու «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը տարածել են բաց նամակ` ուղղված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին` կոչ անելով երաշխավորել ու ապահովել օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի վերադարձը Հայաստան:

Բաց նամակ-պահանջը բաց է ստորագրության համար: Նախաձեռնության հեղինակները կոչ են անում կոմիտեի ղեկավարությանը, Երևանի ու Բաքվի գրասենյակների ղեկավարություններին` ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` ապահովելու կոմիտեի ներկայացուցիչների ու գերի ընկած զինվորի հանդիպումը, հնարավորություն տալ զինվորին կապ հաստատել ծնողների հետ: Նամակում խիստ մտահոգություն են հայտնում, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները չեն կարողացել դեռևս հանդիպել նրան, որևէ տեղեկություն զինվորից հայկական կողմն ու ծնողները չունեն, ինչը, ըստ հեղինակների, Ժնևյան կոնվենցիայի դրույթների խախտում է։

ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր այլ մտահոգություններով էլ հանդես եկավ. Հայաստանում բացակայում են ներքին զարգացումները: Տարածաշրջանի երկրների քաղաքական կյանքը դինամիկ զարգանում է, իսկ մեր երկիրը դեռ մնում է արձագանքողի դերում: «Լավ է, որ արձագանքում է, բայց վատ է՝ արձագանքելու քաղաքականությունը չենք կարողանում փոխել: Նախաձեռնողական քաղաքականությամբ չենք երեւում, եւ տարածաշրջանային գործոն Հայաստանն այդպես էլ չի դառնում»,- նշեց Ալավերդյանը:

Միաժամանակ` բանախոսն ուրախությամբ է հետեւել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան այցին: Նա հանդիպումների արդյունքում երկարատեւ հարաբերությունների հաստատման նշույլներ չի տեսնում ու դրանց խորքային նշանակություն չի տալիս: Ռուսաստանը, ըստ նրա, արեց այն, ինչն իր քաղաքական օրակարգում է:

Ալավերդանին առավել մտահոգում է մեր երկրի ներքին քաղաքական օրակարգը: Ընդդիմությունը խոցելի վիճակում է հայտնվել: Սակայն այստեղ նա այնքան ընդդիմության մեղքը չի տեսնում, որքան, նրա ձեւակերպմամբ, չկայացած իշխանության:

Ինչու Պուտինը մեկնեց Ադրբեջան, սակայն չայցելեց Հայաստան, արդյո՞ք դա մեր ներքին քաղաքականության թերությունների պատճառով էր: Բանախոսն  հարցին այլ տեսանկյունից է մոտենում. Ըստ նրա՝ դա ավելի շուտ Պուտինի նվերն էր Ալիևին նախագահական ընտրություններից առաջ: Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե անհրաժեշտության դեպքում Պուտինը կգա Հայաստան, Ալավերդյանը արձագանքեց, թե Սահակյանին վերաբերում է պարզապես որպես հանրապետական դասականի, և նրա հետ այս հարցում համաձայն չէ: Այսօրինակ հարցերի պատասխաններն, ըստ նրա, պետք է փնտրել առավելապես Մաքսային միությանն անդամակցության համատեքստում: 

Ցուցադրել ավելի
Back to top button