Հասարակություն

«Բազեն» կայացավ, ասում է Հայաստանի համահայկական երիտասարդական հիմնադրամի համակարգող, Հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Հայաստանի տարբեր մարզեր, Սփյուռք, ԼՂՀ, Ջավախք. արդեն տասնմեկ տարի այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից հայրենիքում են հավաքվում երիտասարդները, նրանք հստակ անուն ունեն «բազեականներ»։ Բազեի թռիչքն այս օրերին էլ տարածվում էր Ծաղկաձորում՝ մի հարկի տակ հավաքելով, համախմբելով ու առավել հետաքրքիր դարձնելով հայ երիտասարդների մի քանի օրը:

Հայկական դրոշի գույենրով ձևավորված ճակատներում տարեցտարի ավելանում է ջոկատների թիվը: Անցյալ տարվա 42  ջոկատի փոխարեն այս տարի 45- ն է կազմավորվել: Դավիթ Ալեքսանյանը Կարմիր ճակատի տնօրենի օգնականն է,  «Բազեին» առաջին անգամ է  մասնակցում, եկել է Արարատի մարզից: «Այս քանի օրվա մեջ բացի մրցութային լարվածությունից, ստեղծվեց մի մթնոլորտ, կարծես արդեն չես ուզում բաժանվել։ Հաճելի  մթնոլորտ է, ընկերական, բոլորն արդեն իրար համարներով են փոխանակվել, և այն տպավորությունն է, որ դու ամեն մարզում մի բարեկամ ունես»,- ասում է Դավիթը՝ հավելելով, որ իր համար ամենամեծ հարստությունն այն է, որ  տարբեր ոլորտներից ձեռք է բերել լավ  ընկերներ: «Դա իմ կյանքի համար շատ կարևոր է, որովհետւև ինչքան ընկերներ ունես, այնքան հարուստ ես»։

Հայաստանի համահայկական երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանն ասում է, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ նմանատիպ միջոցառումներ են նախաձեռնել, սակայն միայն  «Բազեն» է, որ կարողացել է կատարել բոլոր երիտասարդների ցանկությունները։ «Առանձնահատկությունները հիմնականում կայանում են նրանում, որ իրականում լավ հարթակ է տարբեր մարզերի ներկայանալի երիտասարդներին իրար հետ ծանոթանալու, հավաքվելու մեկ  ընդհանուր գաղափարի շուրջ: Հուրախություն մեզ բոլորիս՝ «Բազեն» կայացավ, «Բազեն» այս տարի էլ ապահովեց իր թռիչքը, ավելի բարձր թռավ»։

Բազեականներն այսօր հավաքի նախավերջին օրը հյուրընկալեցին ՀՀ նախագահին: Սերժ Սարգսյանին երիտասարդներ ցուցադրելու շատ բան ունեն: Նախագահն էլ սիրով երիտասարդների  հարցերին է  պատասխանում, նրանց եհտ թենիս խաղում:

Արդեն վաղն առավոտյան Բազե 2013-ի թռիչքը կանգ կառնի, բայց ժամանակավոր: Հաջորդ տարի կրկին կմիավորի աշխարհի տարբեր անկյունների երիտասարդներին: 

Ցուցադրել ավելի
Back to top button