ԿարևորՏնտեսական

Տնտեսագետները չեն հավատում գնաճի զսպան ԿԲ քաղաքականությանը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/160813KB.mp3
Երեք օր առաջ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5%: Իր կողմից մասնավորապես բանկերին ֆինանսական միջոցների հատկացման տոկոսադրույքի բարձրացմամբ գլխավոր դրամատունը նպատակ ունի զսպել գնաճային սպասումները և մեղմել գազի ու էլեկտրաէներգիայի սակագների աճի և այս տարվա կարկտահարության շղթայական ազդեցությունները:

Հիշեցնենք` դեռ հունիսին Կենտրոնական բանկը ներկայացրել էր իր նոր, բացասական կանխատեսումները. այս տարի գնաճը կանխատեսվածից կրկնակի բարձր է լինելու` մոտ 8 տոկոս, ՀՆԱ աճը` կանխատեսվածից 1 տոկոս ցածր: Հուլիսի վերջի դրությամբ արդեն հանրապետությունում գնաճը գնահատվել է 8.5 տոկոս:

Իր վերջին որոշմամբ ԿԲ-ն ակնկալում է, որ գնաճն առաջիկա ամիսներին աստիճանաբար կնվազի, միաժամանակ նաեւ չի թաքցնում` դրան փորձ է արվում հասնել տնտեսական աճի հնարավոր դանդաղման պայմաններում: Երբ որ այս քայլն արդեն տա գնաճի զսպման ակնկալվող արդյունքները, ԿԲ խորհուրդը պետք է ըստ այդմ արձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները:

Գնաճի զսպման ուղղությամբ Կենտրոնական բանկի այս քայլին, սակայն, նույնքան լավատեսությամբ չեն վերաբերում հայ տնտեսագետները: «ԿԲ կողմից վերաֆինանսավորման բարձրացումը գնաճի վրա էական ազդեցություն  չի ունենա»,- ասում է Հարություն Մեսրոբյանը։ Նա տնտեսական իմաստով անգրագիտություն է համարում այն, որ ԿԲ-ն է պատասխանատու գների կայունացման համար:

«ԿԲ-ն չունի տնտեսական լծակներ, գնաճի զսպման համար պետք են տնտեսական մեխանիզմներ: Գներն աճում են տնտեսական ոլորտում, իսկ գներին ֆինանսական գործիքներով հարվածելը սխալ մոտեցում է: Այս գործողություններն իրական տնտեսության հետ կապ չունեն»,-  ընդգծեց Հարություն Մեսրոբյանը: Տնտեսագետի խոսքով`  եթե մեզ մոտ եթե գնաճը հայտարարվում է  8.5%, ապա անապահով խավի համար այն 20%-ից ավելի  է, եթե հաշվենք առաջին անհրաժեշտության ապրանքների ու կոմունալ ծախսերի աճը: Ուստի, տնտեսագետի համոզմամբ, անիմաստ է հայտարարել, թե մենք գնաճ ենք զսպում։

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ կարծում է, որԿԲ-ն, բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, պարզապես փորձում է իր պարտականությունը կատարել և պահպանել օրենքի համապատասխան կետը: «Կենտրոնական բանկն այդպիսով ուզում է ցույց տալ, որ զգոն է և փորձում է գնաճը զսպող միջոցներ ձեռնարկել»:  Գնաճի զսպման արդյունքներին նա առանձնապես լավատեսորեն չի սպասում, սակայն միաժամանակ նաեւ փոխանցում է որոշ բանկերի ղեկավարների հետ իր քննարկումների արդյունքները: Ըստ այդմ` այդ տոկոսադրույքի բարձրացումը պետք է որ էական ազդեցություն չունենա վարկերի տրամադրման վրա։

Ի դեպ` այսօրվա քննարկմանը չէին մասնակցում Ֆինանսների նախարարության աշխատակիցները` պատճառաբանելով, որ գտնվում են արձակուրդում, իսկ ԿԲ-ից հայտնել են, որ իրենք ավելի ուշ պարզաբանումներ կներկայացնեն: Իսկ մինչ այդ ասուլիսին առավելապես մտահոգություններ հնչեցին:

Մակարյանի խոսքով` ներկայում ավելի շատ թանկանում են մթերքները` հիմնականում տեղական արտադրության: Նա գնաճի վերաբերյալ սեփական գնահատումն ունի` շուրջ 20%, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է պաշտոնական գնահատումները: Դրան զուգահեռ անկում է ապրում բիզնեսի արտադրողականությունը:  Տնտեսագետ Հարություն Մեսրոբյանն էլ մտահոգություններն ամփոփեց առաջարկով` ֆինանսական միջոցները պետք է հանքադյունաբերությունից ու շինարարությունից զատ նոր ոլորտների ուղղել։

Back to top button