ԿարևորՔաղաքական

Սկզբունքային հարցերում Պուտինն ու Ալիեւը համաձայնության չեն եկել

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Ադրբեջանն այլընտրանքային ճանապարհով գազ է մատակարարում Եվրոպային, չի մասնակցում ԱՊՀ շրջանակներում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացներին: Այս երկու խնդիրների հետ կապված մտահոգություններն էին ՌԴ նախագահի` Բաքու կատարած այցի առանցքում, նման կարծիք է այսօր հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Ըստ նրա` Բաքվին մեծ քանակությամբ Ռուսաստանի կողմից զենք վաճառելը նպատակ ուներ նաեւ դրական ֆոն ստեղծել Պուտինի այցելության համար։ Սակայն Ստեփան Գրիգորյանը փաստում է, որ սկզբունքային հարցերում Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեկան։

Ի պատասխան, քաղաքագետի խոսքով, Ռուսաստանն էլ չփոխեց իր մոտեցումը Ղարաբաղի հարցում: Նրա գնահատմամբ` ստորագրված փաստաթղթերն էլ բնական են երկու պետությունների հարաբերություններում, սակայն սկզբունքային որոշումներ չեն եղել:

Ստեփան Գրիգորյանը չի կիսում տեսակետը, թե Վլադիմիր Պուտինի այցը Ադրբեջան կապված է այդ երկրում սպասվող ընտրությունների հետ: Նա նաեւ հավելեց, թե Ադրբեջանը Ռուսաստանից ավելի է հեռանում եւ հենց այդ քաղաքականության մեջ էր ցանկանում փոփոխություն մտցնել Ռուսաստանը, ինչին Ադրբեջանը չգնաց:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը նույնպես Պուտինի այցը չի կապում այդ երկրում սպասվող ընտրությունների հետ: Սակայն, նա միաժամանակ նկատեց, որ Ադրբեջանում Պուտինի այցը վերածեցին ինքնաPR- ի` հօգուտ Ալիեւի։ Բնական է, որ Ռուսաստանը պիտի փորձի Ադրբեջանին հետ պահել Եվրոպայի հետ Ռուսաստանը շրջանցող էներգետիկ ծրագրերի իրականացումից, բացի այդ` Պուտինը պիտի փորձի Բաքվին ներքաշել նաեւ Եվրասիական միության մեջ: Ադրբեջանագետը նկատեց , որ չնայած արտաքին բարիդրացիական դրսեւորումներին` Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կան եւ մնում են շատ ցավոտ խնդիրներ։

Անդրադառնալով Պուտինի այցելության ժամանակ պատվիրակությունների կազմը ներկայացնելիս Սերգեյ Լավրովի անվան առնչությամբ թույլ տրված վրիպմանը` ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը կարծիք հայտնեց, որ նման վրիպում չէր կարող պատահական լինել: Ըստ նրա` Ադրբեջանը դրանով հարվածեց Ռուսաստանին` փորձելով հասկացնել, թե տարածաշրջանում ինքնուրույն խաղացող է:

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այցից անմիջապես հետո Թուրքիայի նախագահի Ադրբեջան այցին, Սարգիս Ասատրյանի դիտարկմամբ, Թուրքիան դրանով փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա` մտահոգված լինելով Ռուսաստանի ազդեցության խորացմամբ: 

Ցուցադրել ավելի
Back to top button