Սիսակյան թիվ 3 փլուզվող շենքի բնակիչներին համբերություն են մաղթում (ֆոտոշարք)


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Արդեն երկու օր է, ինչ հերթական անգամ խախտվել է Աջափնյակ վարչական շրջանի Սիսակյան 3 հասցեում գտնվող չորրորդ կարգի վթարային շենքի բնակիչների անդորրը: Նախորդ գիշեր նրանք ստիպված են եղել անցկացնել դրսում, թե ինչ կլինի այս գիշեր , դեռ չգիտեն: Ամեն վայրկյան փլուզման վտանգն աչքի առաջ ունեցող բնակիչներին այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սահակյանը համբերության կոչ է արել, խոստացել, որ փուլային վերաբնակեցում կիրականացվի: Պատասխանը, սակայն, նրանց չի բավարարել, քանի որ բնակիչների ձևակերպմամբ, « պանելներն արդեն չեն դիմանում, իրենց սև գործն անելու են»:
Հիշեցնենք, որ չորրորդ կարգի վթարային շենքի կողային պատի քարերը գտնվում են թուլացած վիճակում և պարբերաբար թափվում են: Շենքի հիմնական պատերին և բնակարանների ներսում առկա են ճաքեր, շենքի կոյուղագծերն անմխիթար վիճակում են , ինչի հետևանքով կոյուղաջրերը հոսում են պատերով` առաջացնելով հակասանիտարական վիճակ: