Կարկուտից տուժածների եռամսյա ծրագիրն արդեն գործում է


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Կարկտահարությունից տուժած Արմավիրի համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով կառավարությունը պետական բյուջեից միջոցներ է հատկացրել` գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր, վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց գյուղացիական տնտեսության վերականգնման աջակցության նպատակով: Որպես զբաղվածության խթանման միջոց ծրագիրն իրականացվում է Արմավիրի մարզի զբաղվածության պետական ծառայության տարածքային 3 գործակալության միջոցով:
Ծրագրում հողօգտագործողները, որպես գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր, վարձակալ կամ անհատույց օգտագործող հաշվառվել են աշխատանք փնտրող: Հողօգտագործողին տրվել է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նրա ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ստանում է ընտանեկան նպաստ, ընտանիքում առկա է 2 և ավելի անչափահաս երեխա, ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամություն ունեցող անձ է:
Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ծաղկանուշ Գրիգորյանը նշեց, որ հենց այս չափանիշերն են հաշվի առել տուժած գյուղացիներին զբաղվածության աջակցության ծրագրում ընգրկելիս։ Ցուցակները կազմվել և տրամադրվել են զբաղվածության տարածքային կենտրոններին:
Արմավիրի տարածքային կենտրոնի տնօրեն Վարազդատ Ասատրյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ ծրագրով հաշվառված են 17 համայնքի շահառու ընտանիքներ: Աշխատանքներում ընդգրկված են զբաղվածության տարածքային գործակալության մասնագետներն ու գյուղատնտեսության խորհրդատուները, որոնք կազմել են աշխատանքային ժամանակացույցը
Հուլիս- հոկտեմբեր ամիսների ընթացքում մեկ ծրագրի արժեքը չի գերազանցում 350 000 դրամը, գործարար ծրագրով պայմանագիր է կնքվում աշխատանք փնտրողի հետ, վարձատրությունից էլ պահվում է եկամտահարկ: Գործարար ծրագրի աշխատանքային ժամանակացույցով տրվում է աշխատանքի նկարագիրը, ծավալը, աշխատանքային օրերը, աշխատողների թիվը, աշխատանքի սկիզբն ու ավարտը, ըստ որի էլ կատարվում է վարձատրություն:
Օրինակ Սարդարապատ գյուղից Սառա Մուրադյանի 0.3 հա ծիրանի այգիների վերականգնման նպատակով իրականացվել է ծառերի սնուցում, ոռոգում, բուժում և բերքահավաք, որին հիմնականում մասնակցել է մեկ մարդ, իսկ 0.5 հա խաղողի այգիների մշակման նպատակով հիմնական գործընթացի համար նույնպես ներգրավվել է մեկ մարդ, բացառությամբ կանաչ էտից և սպասվող բերքահավաքից: Գործարար ծրագիրը, ըստ մասնագետների, աջակցության առավել հաջողված ծրագրերից է, որը զբաղվածության խթանման միջոցով հնարավորություն է տալիս հողօգտագործողին պետական կարճաժամկետ վարձատրությամբ աշխատել իր հողի վրա, վերականգնել գյուղատնտեսությունը:
Աշխատանքները ժամանակ առ ժամանակ վերահսկվում են զբաղվածության կենտրոնների մասնագետների, գյուղատնտես խորհրդատուների և սոցապ նախարարության համապատասխան մասնագետների կողմից: Մեկ ամսվա վարձատրությունն արդեն կազմակերպվել է, որոնք վճարվում են բանկային քարտերի միջոցով: