Միջազգային

WikiLeaks- ի իրազեկիչը ներողություն խնդրեց

WikiLeaks- ի իրազեկիչ Բրեդլի Մենինգը ներողություն է խնդրել իր գործողությունների համար, որոնք վնասել են ԱՄՆ ազգային անվտանգությանը եւ դատարանին խնդրել ներողամիտ լինել, հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

«Ես ներողություն եմ խնդրում, որ իմ գործողություննրը բերել են անսպասելի արդյունքների։ Վերջին երեք տարում ես շատ բան եմ հասկացել»,- ասել է նախկին զինծառայողը, որին ձերբակալել են 2010 թ. մայիսի 29- ին Քուվեյթի ամերիկյան ռազմակայանում։ Մենինգն ասել է, որ այն ժամանակ չէր կարծում, որ WikiLeaks- ին փոխանցած գաղտնի փաստաթղթերի հրապարակումը տարբեր ԶԼՄ- ներում կվնասի երկրիի անվտանգությանը։ Իր հայտարարության մեջ նշել է, որ պետք է Իրաքում ամերիկյան զորքերի գործողությունների վրա հասարակության ուշադրությունը հրավիրելու օրինական ճանապարհներ փնտրեր։

Դատական այս լսումների ընթացքում զինվորական դատավոր գնդապետ Դենիզ Լինդը պետք է որոշի 25- ամյա նախկին զինծառայողի պատժի չափը։ Նրան սպառնում է մինչեւ 90 տարվա ազատազրկում։ Փաստաբանները փորձում են մեղմել այն՝ հայտարարելով, որ Մենինգը լուրջ հոգեանական խնդիրներ ունի, որոնք ավելի են խորացել Իրաքի պատերազմի ծանր պայմանների պատճառով։

Դատական նիստում հանդես եկող ռազմական հոգեբան կապիտան Մայքլ Ուորսլին, որին Մենինգը դիմել էր խորհրդակցության համար, չորեքշաբթի օրը դատարանում հայտարարել էր, որ վերջինս գտնվում էր հոգեբանական սթրեսի մեջ իր սեռական ոչ սովորական կողմնորոշման պատճառով եւ չպետք է աշխատեր գաղտնի փաստաթղթերի հետ։ Սակայն Մենինգին պահում էին հետախուզությունում, քանի որ անձնակազմի հետ կապված խնդիրներ կային։

Մեկ այլ ռազմական հոգեբան կապիտան Դեւիդ Մոլթոնն էլ, որը հետեւել էր Մենինգին ձերբակալությունից հետո, հայտարարել է, որ նրա գործողությունները «թելադրված էին արդարությունը վերականգնելու» եւ Իրաքում ամերիկյան զորքերի կողմից թույլ տրված «սխալներն ուղղելու» ցանկությամբ։

Ցամաքային զորքերի առաջին կարգի շարքային Բրեդլի Մենինգը, որը ռազմական հետախուզության վերլուծաբան էր, WikiLeaks- ին էր հանձնել ռազմական եւ դիվանագիտական բնույթի ավելի քան 700 հազար փաստաթուղթ եւ տեսանյութ, որը ԱՄՆ պատմության մեջ գաղտնի փաստաթղթերի խոշորագույն արտահոսքն էր։

Ցուցադրել ավելի
Back to top button