ԿարևորՀասարակություն

Սնդիկ է հայտնաբերվել խաղալիքներում եւ կոսմետիկ միջոցներում

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Հայաստան ներկրվող խաղալիքների ու կոսմետիկ միջոցների մեջ սնդիկի որոշակի քանակություն է հայտնաբերվել, ահազանգում են «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջական միջավայրի» կազմակերպության անդամները։ Նրանք պնդում են, որ Հայաստանը պետք է միանա «Մինամատայի կոնվենցիային», որը սնդիկի մասին գլոբալ համաձայնագիր է  և նպատակ ունի վերացնել աշխարհում միլիոնավոր մարդկանց առողջության համար սպառնալիքները:

Մինչ իշխանությունները կմտածեն համաձայնագրին միանալու մասին` «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջական միջավայրի» կազմակերպության անդամները հետազոտություններ են անցկացրել ռիսկային շրջաններում ու որոշ մտահոգիչ փաստեր գրանցել: Կազմակերպության անդամները հետազոտություններ են անցկացրել գեղեցկության սրահներում ու մանկական խանութներում և պարզել, որ դրանք խիստ վտանգավոր են օգտագործման համար: Ներկրողը պարտավոր է սերտիֆիկատ տրամադրել վաճառակետերին ու դրանք կարող են վերցնել ու ստուգել նաև գնորդները, զգուշացնում է բժիշկ Քնարիկ Գրիգորյանը:

Կազմակերպության անդամները  սնդիկի անալիզատորի միջոցով հետազություն են կատարել պարզելու նաև մթնոլորտային օդի աղտոտվածությունը: Արդյունաբերական կեղտաջրերը թափվում են ջրամբարներ ու ծովային կենդանիների միջոցով անցնում են կաթնասուններին ու մարդուն և օրգանիզմում դառնում մեթիլ սնդիկ, որը շատ վտանգավոր է առողջության ու կյանքի համար, ասում են նրանք։

Սնդիկով թունավորումների դեպքում մարդու մոտ առաջանում են ուղեղային, նյարդային, հոգեկան խանգարումներ, այն վնասում է տեսողությանն ու լսողությանը, մազաթափություն առաջացնում, աղեստամոքսային հիվանդությունների պատճառ դառնում, սնդիկից թունավորումը կարող է նաև մահվան պատճառ դառնալ, իրազեկեց կազմակերպության բժիշկ անդամը:

Ցուցադրել ավելի
Back to top button