ԿարևորՀասարակություն

Հանրապետության որոշ մարզերում սպասվում են ուժեղ քամիներ. կառավարության նիստում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/150813gov.mp3

Կառավարության նիստն  այսօր վարեց փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնվում է արձակուրդում: Ի դեպ` ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիգրան Սարգսյանն օգոստոսի 13-23-ը կգտնվի արձակուրդում, որի մի մասը կանցկացնի արտերկրում: Իսկ գործադիրի նիստում այսօր սուղ էին ինչպես օրակարգային հարցերը, այնպես էլ քննարկումները:

Շուրջ երկու տասնյակ օրակարգային հարցերը սպառվեցին շատ արագ` ընդամենը կես ժամում: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացրեց պատգամավոր Թևան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու օրինագիծը: Այն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներին հնարավորություն կտա պարբերաբար տեղեկանալ ՀՀ դեսպանների գործունեությանը: Կառավարությունն արել է առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի ներկայացված օրենքի նախագիծը։ Նշված օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակն իր առաքելության շրջանակներում իրավական, սոցիալական և ֆինանսական շարունակական աջակցություն է ցուցաբերում կառավարությանը` ապաստան հայցողների և փախստականների հիմնախնդիրների լուծման հարցերում: Այս ուղղությամբ մի շարք նոր ծրագրերի իրականացման համար լրացուցիչ  փոխանցվեց 2 մլն 55 հազար դրամ։

Նիստի ավարտին էլ հայտարարությամբ հանդես եկավ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` փոխանցելով` գյուղացիների համար եղանակը նոր տհաճ անակնկալներ է պատրաստել, որոնց պետք է դիմագրավել։ 
Օգոստոսի 15-21-ը Հայաստանի որոշ մարզերում, մասնավորապես՝ Կոտայքում, Գեղարքունիքում և Արմավիրում ուժեղ քամիներ են սպասվում: Նախարարը նշված մարզերի բնակիչներին հորդորեց զգույշ լինել։

Իսկ կառավարության  շենքի առջեւ այսօր իրենց բողոքի ակցիան էին շարունակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Ի դեպ` օրեր առաջ ադրբեջանական կողմից գերեվարված զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի գործով վերջին նորությունն այն է, որ նրա` մարտական դիրք չվերադառնալու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով պատահաբար հատելով շփման գիծը` հայտնվել էր ադրբեջանական զորքերի պահպանության տարածքում և գերեվարվել վերջիններիս կողմից: Այս հարցի շուրջ կառավարությունում պարզաբանումներ չեղան։

Ցուցադրել ավելի
Back to top button