Քաղաքական

Հայաստանն աշխարհի հետ չի կարող խոսել «կամ, կամ» կամ «եւ, եւ»- ով

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանի պես փոքրիկ, անպաշտպան, նուրբ երկիրն աշխարհի հետ չի կարող խոսել «կամ-կամ»-ով, կամ «եւ-եւ»-ով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման համոզմունք է հայտնել քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Նա այսօր նկատեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջան այցելեց 13 տարի անց եւ այն պայմաններում, երբ լարված են ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ «Դեռ մեկ տարին չի բոլորել, երբ նրանք ստիպեցին, որ Ռուսաստանը հանի Գաբալան»,- հիշեց Եղիազարյանը։ Եթե առաջիկայում Պուտինի պես մեծ նախագահը որոշի Գաբալայի ՌՏԿ-ը հետ ստանալ, ապա դա 5-6 տարվա խնդիր է, նշեց քաղաքական գործիչը: Նրա խոսքով` Պուտինը Բաքու գնաց նույն «եւ եւ»-ի համար։

Կտրուկ անցում կատարելով` Գուրգեն Եղիազարյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը բնութագրեց «խայտառակ» եզրույթով, որը, ըստ նրա, ավարտվում է «Ադրբեջան-Ռուսաստան ալյանսով»:

Մինչդեռ՝ ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ շատ բնական է, որ Ալիեւի ընտրություններից առաջ Ռուսաստանի նախագահը պետք է լիներ Բաքվում եւ դրանում արտառոց ոչինչ պետք չէ տեսնել։ «Բավականին զուսպ տնտեսական պայմաններ էին, որի մեջ արտասովոր ոչինչ չենք տեսնում: Դա ռուսական քաղաքականությունն է Հարավային Կովկասում: Մենք պետք է իմանանք, որ Ռուսաստանը շահեր ունի Հարավային Կովկասում, ինչպես Բաքվի, այնպես էլ՝ մյուս երկրների հետ հարաբերություններում»,- ասաց ՀՀԿ գործիչը։

Ադրբեջանի քաղաքականությունը Ռուսաստանի հետ բավականին նրբանկատ է, գնահատեց նա՝ նկատելով, որ այդ պատճառով է, որ  Պուտինը շատ կոշտ դիրքորոշում չընդունեց Ադրբեջանում: Բանախոսը նկատեց նաեւ, որ Ռուսաստանը պատրաստվում է Եվրասիական միության ստեղծմանը ու բնական է, որ պետք է «ժեստեր» արվեն բոլորին:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին` բանախոսները, մասնավորապես, խոսեցին մամուլում շրջանառվող տեղեկության մասին, թե առաջիկայում հնարավոր է, որ ստեղծվի երրորդ ուժ: Ըստ Գուրգեն Եղիազարյանի` Հանրապետականը ոչինչ չունի ներկայացնելու, ուստի պիտի ստեղծի մի նոր միավոր` հաջորդ ընտրություններին մասնակցելու համար:

Մինչդեռ Լեռնիկ Ալեքսանյանը կարծում, որ երրորդ ուժի անհրաժեշտությունը չկա, քանի որ ՀՀԿ-ն ստանձնել է պատասխանատվություն, ասաց, որ ծայրահեղ գնահատականներն իր համար անընդունելի են: Խնդիրներ կան, բայց պետք է տեսնել նաեւ լավը:

Back to top button