ԿարևորՀասարակություն

Երիտասարդական ՀԿ- ները դեմ են Երուսաղեմի պատրիարքի՝ Ամենայն հայոց կաթողիկոսին հղած նամակի հրապարակայնացմանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչներ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում համատեղ ընդունված հայտարարություն են հրապարակել` կոչ անելով ավելի զուսպ գտնվել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, չփորձել պատեհ-անպատեհ առիթներով քննադատել եկեղեցուն, լինել միասնական և գիտակցել, որ եկեղեցին ազգի միասնության գլխավոր հենասյուներից է:
Եկեղեցու հետ կապված խնդիրները սպառնում են ազգային անվտանգությանը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Երիտասարդություն» ՀԿ նախագահ Գուրգեն Սիմոնյան։ «Մենք անհանգստացած ենք Հայ առաքելական եկեղեցում տիրող իրավիճակով: Եկեղեցին համարվում է բացառիկ կառույց, որը միավորում է հայ ժողովրդին: Իր գոյությամբ հայ եկեղեցին ապահովում է ժողովրդի հոգեւոր անվտանգությունը»։

«Երիտասարդություն» ՀԿ նախագահի համոզմամբ` Ամենայն հայոց կաթողիկոսին Երուսաղեմի հայոց պատրիարքին ուղղված նամակը հրապարակելով՝ ուղղակի հարված է հասցվել ազգային անվտանգությանը: Հայտարարությանը միացած ՀԿ-ներից Ռուսաստանի հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի երիտասարդական կառույցների ասոցիացիայի փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանի փոխանցմամբ. «Մենք չենք փորձում մեղավորներ գտնել եւ ոչ ոքի չենք քննադատում, սակայն այն, որ անձնական նամակը հասանելի է դարձել հանրությանը, եկեղեցու միասնականությանը չի նպաստում»:

«Լոռեցիների միություն» ՀԿ-ի նախագահ Մենուա Բրուտյանն իր հերթին հայտարարեց, որ հասարակական քննարկումներին դեմ չեն, սակայն` մի քանի անձնական, մասնավոր դեպքերով չի կարելի ընդհանրական կարծիք ձևավորել եկեղեցու վերաբերյալ` հարվածի տակ դնելով դարերի պատմություն ունեցող միասնական եկեղեցու հեղինակությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button