Անվճար բուժօգնության ակցիան կտեւի մինչեւ օգոստոսի 31- ը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երեւանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 1-31-ին Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում անցկացվում է անվճար բուժօգնության ակցիա: Նպատակն է սիրտ-անոթային, գինեկոլոգիական և վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերումը: Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է նաև ստացիոնար անվճար բուժում:
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի տեղեկացմամբ` ակցիայի շրջանակներում մինչ օրս դիմել է ավելի քան 1130 քաղաքացի: Նրա խոսքով` անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում ընտրվել են այնպիսի ծառայություններ, որոնք առավել պահանջված են բնակչության կողմից
Այն քաղաքացիներն, ովքեր ունեն որոշակի խնդիրներ մինչև օգոստոսի 31-ը կարող են դիմել իրենց պոլիկլինիկական ամբուլատոր բուժհաստատություն: Առողջական նշված խնդիրների առկայության դեպքում քաղաքացիները կուղեգրվեն ստացիոնար հիվանդանոցներ, որտեղ էլ անհրաժեշտության դեպքում կկատարվի նաև համապատասխան վիրահատություն:
Ակցիայից օգտվելու համար պետք է սպասարկող համաբուժարան ներկայանալ անձնագրով, դիմել տեղամասային թերապեւտին կամ ընտանեկան բժշկին: