ԿարևորՀասարակություն

ՀՀ գերատեսչությունների backup սերվերները կտեղադրվեն ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում (ֆոտոշարք)

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Համագործակցության շրջանակներում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը 50 միլիոն դրամ է հատկացնելու ԱԻ նախարարությանը` սերվերային տնտեսության ստեղծելու համար։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում, որը տեղակայված է հանրապետության ամենասեյսմակայուն շենքերից մեկում, կստեղծվի տվյալների պահպանման սերվերային կենտրոն: Միջազգային չափորոշիչներին համապատասխան կենտրոնը հագեցած կլինի հզոր գեներատորներով, տարբեր համակարգերով։ Այստեղ կտեղակայվի նաև աղետների ռիսկի նվազեցման ազգային դիտացանցը։ Նախատեսվում է նույն տարածքում տեղակայել նաև ՀՀ բոլոր նախարարություն-գերատեսչությունների կրկնորդ` backup սերվերները։

Աշխարհում այսօր գնալով ավելի ու ավելի է կարեւորվում տեղեկատվության գրագետ կառավարումը: Զարգացող երկրներն այսօր փորձում են հետեւել զարգացած երկրների փորձին ու կարեւոր տեղեկատվությունը մեկ տեղի փոխարեն պահել նաեւ երկրորդ վայրում: Այս պարագայում որպես վստահելի գործընկեր է ընտրվել արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պետական բոլոր կառույցներին, գերատեսչություններին առնչվող տեղեկատվության կրկնորդ սերվերը հենց այստեղ կլինի` համեմատաբար ավելի անվտանգ միջավայրում։

Ցուցադրել ավելի
Back to top button