Քաղաքական

Եզդիներն ակնկալում են Հայաստանի աջակցությունը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
2007 թ. օգոստոսի 14-ին Իրաքում չորս եզդիական գյուղ ոչնչացվեց: Արդյունքում` սպանվեց ավելի քան հազար եզդի: Այդ օրը եզդիների օրացույցում նշվում է որպես «սեւ երեքշաբթի»։ Հյուսիսային Իրաքում է գտնվում եզդիների պատմական զարգացման վայրը եւ եզդիների կրոնական եւ աշխարհիկ առաջնորդի նստավայրը: «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ փոխնախագահ Սաշա Սուլթանյանի փոխանցմամբ` հենց Իրաքի այդ վայրերում եզդիների ոչնչացումը մինչ այժմ շարունակվում է: Դրա կազմակերպիչը, ըստ Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահի, Քուրդիստանի կառավարությունն է, որն իշխում է եզդիաբնակ այդ տարածքներում:

Եզդիների ազգային կոմիտեն Իրաքում եզդիների ոչնչացումը կանխելու համար խնդրում է Հայաստանի կառավարության օժանդակությունը։ Կոմիտեին նման խնդրանքով դիմել է Լոնդոնում տեղակայված «Եզդիների իրավունքների պաշտպանության» միջազգային կազմակերպությունը։ «Հայաստանը միակ երկիրն է, որտեղ եզդիները կարողանում են իրենց մշակութային դեմքը պահպանել»,- սրանով է դիմումը բացատրում Սաշա Սուլթանյանը։

Հայաստանի եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահը տեղեկացրեց, որ եզդիների համայնքը  ՀՀ ԱԳՆ-ից, Սփյուռքի նախարարությունից  խնդրում է միջազգային ատյաններում ինչ-որ կերպ բարձրացնել եզդիների հարցը, ինչի համար նամակ-խնդրանքով են դիմելու: Ըստ նրա` տարբեր երկրներում հայկական Սփյուռքը կարող է օժանդակություն ցուցաբերել եզդիներին։ «Հուսաով ենք, որ ցեղասպանություն տեսած ժողովուրդը չի կարող անտարբեր լինել այսօր տեղի ունեցող ցեղասպանության նկատմամբ եւ և չի կարող որեւէ վերաբերմունք չարտահայտել»,- ասում է նա։

Սաշա Սուլթանյանի խոսքով` միջազգային հանրությունը թեև արձագանքում է, սակայն կոնկրետ քայլեր այդ կոտորածների դեմ  չի ձեռնարկում։ Եզդիների փրկության միակ երաշխիքը կլինի եզդիների համայնքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը և ինքնավարության ստեղծումը, եզրափակեց Եզդիների ազգային կոմիտեի փոխնախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button