ԿարևորՄիջազգային

Եգիպտոսում ուժայինները ցրում են պաշտոնանկ արված նախագահի համակիրներին. խոսվում է մինչեւ 300 զոհի մասին

Այսօր առավոտյան Եգիպտոսի իրավապահները սկսել են Կահիրեի փողոցներն ազատել պաշտոնանկ արված նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակից ցուցացարներից։ Ազ Ադավիա հրապարակում եւ Կահիրեի համալսարանի պատերի մոտ, որտեղ ներկայիս ընդդիմությունը տեղակայել էր վրանային ճամբար, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշներ։ Քաղաք է մտցվել ծանր տեխնիկա, գործի է դրվել ռազմական օդուժը, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը։

Զոհերի՝ իրարամերժ թվերը
Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական տվյալներով՝ յոթ մարդ զոհվել է, 67- ը՝ վիրավորվել, ոստիկանությունը հայտնում է իր երեք աշխատակցի մահվան մասին, հայտնում ղ Բի Բի Սի- ն։

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ, որոնց թղթակիցներն աշխատում են Կահիրեում, հայտնում են 40- ից ավելի զոհերի մասին, իսկ թուրքական «Անադուլու» գործակալությունն էլ արդեն խոսում է 163 մարդու մահվան մասին։

«Մահմեդական եղբայրներ» շարժումը հայտարարել է 300 զոհվածի եւ 5 հազարից ավելի վիրավորների մասին։

Դիպուկահարները կրակ են բացում տանիքներից
Տեղական հեռուստակայաններն իրենց հերթին հայտնում են, որ իսլամիստ դիպուկահարները շենքերի տանիքներից կրակում են իրավապահների վրա։ «Ալ Ջազիրայի» տվյալներով, սակայն, ոստիկանության հատուկ ջոկատայիններն են դիպուկահար կրակ բացել ցուցարարների ուղղությամբ։

Ցուցարարների ցրելու գործողությանը զուգընթաց եգիպտացի ուժայինները առավոտյան ձերբակալել են «Մահմեդական եղբայրներ»- ի առաջնորդներին, հաղորդում է «Ռոյթերը»։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է երկրի ղեկավարությունը։ «Մենք ձեռբակալել ենք մի քանի մարդ, սակայն նրանց անունը դեռ չենք հայտնի»,- հայտնել է ՆԳՆ ներկայացուցիչ, գեներալ Աբդել Ֆաթահ Օթմանը։

Մահմեդական եղբայրները պատրաստվում են պատասխան գործողության
«Մահմեդական եղբայրներ»- ի կողմնակիցներն իրենց հերթին պատրաստում են պատասխան գործողություններ։ Ժողովրդական ճանապարհով ընտրված Մուրսիին իշխանության վերադարձնելու համար ձեւավորված Լեգիտիմության աջակցության ազգային միությունը բոլոր համակիրներին կոչ է արել դուրս գալ Կահիրեի փողոցներ, հայտնում է Ahram Online— ը։ Բողոքավորների համար «Մահմեդական եղբայրները» որոշել են քաղաքի տարբեր շրջաններում մի քանի կետեր։

Պաշտոնապես դեռ չի հաստատված, սակայն նշվում է, որ իսլամիստները պատասխան գործողություններ են սկսել երկրի երկրորդ քաղաքում՝ Ալեքսանդրիայում։ Հաղորդում են, որ ցուցարարներն այստեղ փակել են քաղաքի գլխավոր մայրուղին։

Back to top button