ԿարևորՀասարակություն

Գիտնականները մատնված են անտարբերության, ասում է ԳԱԱ թղթակից անդամը՝ խոսելով նաեւ դրական միտումներից

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Խորհրդային ժամանակներից մենք ժառանգել ենք գիտական մեծ հարստություն և կառուցվածքի առումով էլ բավականին մեծ գիտական տնտեսություն ենք ունեցել, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց  ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանը` հավելելով, որ այդ տարիներին մենք ունեցել ենք շուրջ 30 հազար գիտնական և ֆինանսավորմամբ էլ զբաղեցնում էինք առաջին տեղերից մեկը աշխարհում։ Անցան այդ ժամանակները և այն, ինչ մենք այսօր ունենք, ճիշտ հակառակ պատկերն է, նկատում է գիտնականը։


Ամենամեծ խնդիրը, սակայն, գիտության ծերացումն է: Մենք այսօր ունենք 4000 գիտնական, որոնց միջին տարիքը հատել է 60-ը: Իսկ դա նշանակում է՝ երբ ավագ սերունդն անցնի թոշակի, մեզ սպառնում է մշակութային աղետ, ահազանգում է Արթուր Իշխանյանը: Եվ այս ամենին զուգահեռ՝ գիտնականները մատնված են անտարբերության և համարվում են ամենացածր վարձատրվող խավը։

Այդուհանդերձ` Հայաստանն այն հազվագյուտ երկրներից է, որ հայտարարել է, թե գիտությունը հանդիսանում է գերակա ուղղություն: Խնդիրն այն է, որ դա միայն բառերով է արտահայտվում։ Իհարկե կան նաև դրական երևույթներ, որոնք ևս պետք չէ անտեսել: Վերջին տարիներին գիտական համակարգը որոշակիորեն կարգի է բերվել և ոլորտը համեմատաբար մաքրվել է, բարելավվել է նաև օրենսդրական դաշտը: Արթուր Իշխանյանը դրական է գնահատում նաև գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը։

Գիտության ոլորտի զարգացման մեջ, սակայն, կառավարության ուշադրությունից բացի կարևոր է նաև իրենց՝ գիտնականների դերը, կարծում է Արթուր Իշխանյանը: Գիտնականներն իրենք էլ պետք է հետամուտ լինեն առկա խնդիրների լուծմանը և պաշտպանեն իրենց իրավունքները, հակառակ դեպքում՝ կառավարությունը կշարունակի անտեսել ոլորտը և խնդիրները դարձյալ կմնան չլուծված։

Ցուցադրել ավելի
Back to top button