Քաղաքական

Ռուսաստա՞ն, թե ԵՄ. որոշումն ընդունել հանրաքվեով

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/130813karen.mp3
Անվտանգության հարցում մեզ դեռեւս որեւէ մեկն այլընտրանք չի առաջարկել, այսօր նկատեց Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։«Պարտադիր չէ, որ, ինչպես ասում են, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու հաշվին, այսպես ասած, մենք արեւմտյան արժեքներ դավանենք, կամ, համենայնդեպս, ինչ-որ իմաստով հարաբերությունները սերտացնենք Եվրամիության հետ»:

Արամ Հարությունյանի գնահատմամբ` այսօր նկատվող հակառուսական հիստերիան Հայաստանի իշխանությունների կողմից է ղեկավարվում: Ասաց, թե չի կարծում, որ որևէ երկրի պետք է մեղադրել իր արտաքին քաղաքականության հարցում: Բանախոսը շեշտեց, թե Հայաստանը պետք է մնա իր տեղում` ոչ աջ, ոչ ձախ: Նման վարքի համար, ըստ Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավարի, Հայաստանն ունի բավարար ռեսուրսներ: Միաժամանակ` կարծիք հայտնեց, թե «ռեսուրսներն ավելի կշատանան, եթե Հայաստանում լինի իշխանափոխություն: Նախ` ժամանակ կշահենք որպես պետություն»։

Խոսելով ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի մասին` մարքսիստ Դավիթ Հակոբյանը այսօր շեշտեց, որ իշխանությունները պարտավոր են տեքստն ամբողջությամբ հրապարակել։ Մարքսիստական կուսակցության ղեկավարի խոսքով` այդ համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն համաժողովրդական հանրաքվեից հետո։  Չպետք է թույլ տալ, որ կրկնվի հայ-թուրքական տխրահռչակ պայմանագրերի պատմությունը, շեշտեց Դավիթ Հակոբյանը: Միայն համաժողովրդական հանրաքվեն ցույց կտա` հայ ժողովուրդը ցանկանում է լինել Սովետական Միությունո՞ւմ, թե՞ Եվրոպական Միությունում, թեման եզրափակեց Մարքսիստական կուսակցության առաջնորդը։

Թե Արամ Հարությունյանը, թե Դավիթ Հակոբյանը խոսեցին նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակից: Արամ Հարությունյանի պնդմամբ` այսօր հիմնական խնդիրը պետք է լինի իշխանությունների հրաժարականը պահանջելը։ «Եվ ես համոզված եմ, որ աշնանը մեր քաղաքական ուժերը մի կողմ կդնեն իրենց ամբիցիաները ու կմիավորվեն` փոխելու այս իշխանություններին, և կեղծ ընդդիմադիրներն էլ, այսպես սած, մեջտեղ չեն գա»։ Կեղծ ընդդիմադիր ձեւակերպման տակ նկատի ուներ Րաֆֆի Հովհաննիսյանին: Կարծիք հայտնեց նաեւ, թե քաղաքական դաշտում ընթանում է մաքրման գործընթաց: Ըստ նրա` մաքրման գործընթաց է տեղի ունենում նաեւ ՀԱԿ-ում։

Իշխանափոխության անհրաժեշտություն է տեսնում նաեւ Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Անդրադարձավ սոցիալ-տնտեսական իրավիճակին, աճող գներին` նա համոզմունք հայտնեց, որ գնագոյացման գործընթացների պետական վերահսկողության եւ պետական կարգավորման սկզբունքի իրականացման համար անհրաժեշտ է շուկայի ձեւավորման նոր սկզբունք: Նա կոչ արեց, օրինակ, ազգայնացնել հասարակական տրանսպորտի ոլորտի առնվազն 50 տոկոսը, որ պետությունը կարողանա գնագոյացում իրականացնել։ Մարքսիստը կարծիք հայտնեց, որ բոլոր առանձին սոցիալական դժգոհությունները պետք է համախմբվեն մեկ միասնական շարժման մեջ, որին առաջնորդողը պետք է լինի գաղափարը։

Ցուցադրել ավելի
Back to top button