Մեղրի եւ հատապտուղների փառատոնը՝ օգոստոսի 18- ին


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Օգոստոսի 18- ին Շամշադինում 2-րդ անգամ կանցկացվի Մեղրի և հատապտուղների փառատոնը։ Այն առաջին անգամ անցկացվել է անցյալ տարի և նպատակ ունի դառնալ ամենամյա: Փառատոնը համարվում է Շամշադինի տարածաշրջանի զարգացման ծրագիր հանրային նախաձեռնության կարևորագույն բաղադրիչ։
Փառատոնի նպատակն է ներկայացնել Շամշադինի հարստությունը, շեշտել տարածաշրջանի նշանակությունը որպես մեղրի և հատապտուղների արտադրության կենտրոն, ինչը կնպաստի տուրիզմի և տեղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը: Եթե փառատոնի առաջին տարում միջոցառումն ուներ 3000 այցելու, ապա այս տարի Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամի նախագահ Հայկ Չոբանյանն ակնկալում է այցելուների կրկնակի աճ։
Փառատոնի համակազմակերպիչը՝ Հայաստանում Նորվեգիայի պատվո հյուպատոս Թիմոթի Սթրեյթը, արդեն 12 տարի է, ինչ այցելում է Շամշադին և այդ շրջանը համարում է իր 2-րդ տունը Հայաստանում Երևանից հետո: Հաշվի առնելով աշխարհագրական դիրքն ու բնությունը` հյուպատոը կարծում է, որ Շամշադինում կան շատ ռեսուրսներ, որոնք պետք է օգտագործել։
Նշենք, որ փառատոնի շրջանակներում նախատեսվում է մեղրի և նրանից պատրաստվող ուտելիքների ներկայացում, հատապտուղների և նրանցից պատրաստվող ուտելիքների և ըմպելիքների, գորգագործության, գոբելենագործության, փայտամշակման և տարածաշրջանին բնորոշ այլ արհեստների ներկայացում, էկոտուրիզմ` սահմանված երթուղով հատապտուղների հավաքչությամբ, համերգային ներկայացումներ ազգային երգ ու պարի համույթների մասնակցությամբ: