ԿարևորՏնտեսական

ԿԲ- ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով մեղմել գնաճը

ԿԲ խորհուրդն այսօր որոշել է  բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5%: Փաստորեն՝ այս քայլով ԿԲ- ն փորձում է մեղմել գնաճը, որը հուլիսի վերջին կազմել է 8.5% անցած տարվա հուլիսի համեմատ։

«ԿԲ որոշումը միտված է ներքին զարգացումների հետևանքով ձևավորված գնաճային սպասումները խարսխելուն և էներգակիրների սակագների աճի երկրորդային ազդեցությունները մեղմելուն: Բացի այդ, Խորհուրդը նաև կարևորում է դրական իրական տոկոսադրույքների պահպանումը: ԿԲ քաղաքականության արդյունքում ակնկալվում է, որ գնաճը մոտակա ամիսներին աստիճանաբար կնվազի: Գնաճի աստիճանական նվազման և տնտեսական աճի հնարավոր դանդաղման պայմաններում Խորհուրդը համապատասխանորեն կարձագանքի՝ թուլացնելով դրամավարկային պայմանները:

Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածը գտնվել է կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում գրանցվել են որոշակի գնանկումային միտումներ: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին միջավայրից լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատեց, որ ներքին տնտեսության առաջին կիսամյակի զարգացումների ներքո ձևավորվել է սպասվածից բարձր գնաճ, որին մեծապես նպաստել են երկրորդ եռամսյակում գյուղատնտեսության ճյուղի զարգացումները (կարկտահարություն և վեգետացիոն շրջանի մասնակի հետաձգում) և որոշ ծառայությունների գների աճը:

Խորհուրդը համակարծիք է, որ գնաճը աստիճանաբար նվազելով կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև
Close
Back to top button