Հասարակություն

Երեւանի քաղաքապետարանի մոտ անցկացվող ակցիայի մասնակիցներից մեկին բերման են ենթարկել

Օգոստոսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել  ակցիայի  մասնակիցներից մեկին` 1991 թ. ծնված, Սպիտակ քաղաքի բնակիչ Միհրան Մելքոնյանին։ Միհրան Մելքոնյանը 2011 թ. փետրվարի 17-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով՝ դասալքության համար, դատապարտվել է  3 տարի 6 ամիս ժամանակով ազատազրկման:

«ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման հիման վրա նա Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ պայմանական-վաղաժամկետ ազատվել է պատժի կրումից և հաշվառվել ԱՊԿ բաժնի Լոռու բաժանմունքում: Սակայն այս տարվա ապրիլի 22-ից սկսած՝ բաժանմունք չի ներկայացել՝ միաժամանակ բացակայելով բնակավայրից: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին որոշում է կայացրել դատապարտյալ Միհրան Մելքոնյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժինը հուլիսի 2-ին, որպես պատժից խուսափող դատապարտյալի՝ Մելքոնյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում: Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և ստուգումներով պարզվել է, որ Միհրան Մելքոնյանը Սպիտակում վերջին անգամ եղել է այս տարվա ապրիլին: Միհրան Մելքոնյանը իրավապահների տեսադաշտում հայտնվել էր դեռևս 2008 թվականին՝ գտնվել է հաշվառման մեջ հակահասարակական արարք կատարելու համար՝ Երևան քաղաքում նրա մոտ սառը զենք հանդիսացող դանակ էր հայտնաբերվել։ Միհրան Մելքոնյանը բերման ենթարկվելուց հետո հանձնվել է ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներին, հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից։ Իսկ «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի կազմակերպիչները ներկայացրել են տեղի ունեցածի իրենց վարկածը։ Ըստ կազմակերպիչների՝ «օգոստոսի 13-ին ժամը 11:00-ի շրջակայքում ոստիկանները Երևանի քաղաքապետարանի հարակից այգու զուգարանի մոտից բերման են ենթարկել հուլիսի 26-ից Երևանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանության պահանջելով նստացուցի աջակից Սպիտակ քաղաքի բնակիչ Միհրան Մելքոնյանին:

Ժամը 15:22-ին հրապարակված ոստիկանության հայտարարության համաձայն՝ Մելքոնյանը սույն թվականի հունիսի 21-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ դասալքության համար դատապարտվելուց և համաներմամբ ազատվելուց հետո ոստիկանական բաժանմունք չներկայանալու համար:

Հիշեցնենք, որ Միհրան Մելքոնյանը դեռևս 27.07.2013-ին ներկայացել էր ոստիկանություն որպես տուժող

08.08.2013-ին կարելի է ասել առևանգվել էր ոստիկանների կողմից և ժամեր անց ազատ արձակվել, իսկ 10.08.2013-ին ինքը Մելքոնյանը, բռնության ենթարկվելով Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի կողմից, դիմել էր ոստիկանության օգնությանը և գնացել ոստիկանության բաժին։ Եթե Մելքոնյանը հետախուզման մեջ էր, ապա ինչու՞ ոստիկանությունը ամսի 27-ին, 8-ին և ամսի 10-ին չձերբակալեց նրան և ինչպե՞ս եղավ, որ միայն հիմա հիշեց վերջինիս հետախուզման մեջ գտնվելու մասին»,- ասված է «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ։
Ցուցադրել ավելի
Back to top button