Հասարակություն

Արմեն Աշոտյան. ԿԳՆ- ն բաց է քննարկման համար

Մի խումբ երիտասարդներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ ԿԳՆ վարչական շենքի մոտ՝ բուհերի ուսման վարձավճարների խնդրի հետ կապված: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի անունից՝ առանց ներկայացուցիչների թվի սահմանափակման, ԶԼՄ-ների մասնակցությամբ   նրանց առաջարկվել է բաց քննարկում կլոր սեղանի շուրջ՝ ՀՀ ԿԳՆ-ում: Երիտասարդները  ընդունել են նախարարի առաջարկը և բարձրացել  նախարարության նիստերի դահլիճ:

Նշելով, որ ողջունում է երիտասարդների ակտիվությունն ու նախաձեռնողականությունը` նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել երիտասարդներին և շեշտել, որ ինքը կողմնակից  է բաց, հրապարակային քաղաքականության` ի շահ խնդիրների լուծման:  «Շնորհակալ եմ, որ ընդունել եք իմ հրավերը, կարծում եմ, որ առաջնայինը ոչ թե հանդիպման վայրն է, այլ բուն խնդիրը, որը ձեզ մտահոգում է: Եթե կան կրթական ոլորտին վերաբերող խնդիրներ, ապա դրանց քննարկման լավագույն վայրը հարկատուների միջոցներով աշխատող պետական կառույցն է` ԿԳՆ-ն: Պատրաստ եմ լսել ձեր բոլոր առաջարկությունները»,- դիմելով երիտասարդներին` ասել է Ա. Աշոտյանը:

Սակայն  երիտասարդները ՀՀ ԿԳ նախարարին բուհերի վարձավճարների բարձրացման խնդրին վերաբերող  հստակ պահանջներ և առաջարկություններ չեն ներկայացրել,  հայտարարել են, որ իրենք նպատակահարմար չեն գտնում իրենց հիմնական պահանջները ներկայացնել ԿԳՆ նիստերի դահլիճում և պահանջում են, որպեսզի նախարար Ա. Աշոտյանը   հանդիպման գնա շենքից դուրս, երիտասարդները հեռացել են դահլիճից:

Այնուհևտև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է լրագրողների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ բուհերում վարձավճարների բարձրացման խնդրի շուրջ: Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում գործող բուհերից վարձավճարները բարձրացվել են 5 բուհերում: Վարձավճարներ սահմանելը բուհերի ինքնավարության շրջանակում է, այդ որոշումը կայացվել է բուհերի կողմից` հաշվի առնելով ժամանակակից նորմերով նախատեսված որակյալ և մրցունակ կրթություն ապահովելու պահանջը:

«Բուհերի վարձավճարների բարձրացման խնդիրը առաջ էր եկել դեռ 4-5 տարի առաջ, ինչը մեր կողմից մշտապես կանխվել է: Սակայն կան բուհեր, որոնք այսօր լուրջ ֆինանսական խնդիրներ ունեն: Դժվար է պատկերացնել, որ որևէ մեկը, այդ թվում նաև ՀՀ ԿԳ նախարարը, կարող է կողմ լինել վարձավճարների թանկացմանը, սակայն կան օբյեկտիվ խնդիրներ, որոնք հնարավոր չէ անտեսել: Ես կարծում եմ, որ բուհերը պետք  է առավելագույնս  թափանցիկ, հաշվետվողական լինեն իրենց բյուջեների տնօրինման և վարձավճարների ծախսման առումով: Ես կողմնակից եմ, որ  ուսանողները հստակ պահանջ դնեն և իմանան, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները: Ուսանողների թվաքանակի նվազումն ու պրոֆեսորադասախոսական ու տեխնիակական աշխատակազմի ներկայիս քանակը,  ինչպես նաև տեխնիկական վերազինման պահանջը տևական ժամանակ հանգեցրել են այնպիսի իրավիճակի, որ շատ բուհեր այսօր  զարգացման համար ֆինանսական հնարավորություն չունեն: Այս իմաստով, ցավոք  վարձավճարների բարձրացումը մի շարք բուհերում դարձել էր անխուսափելի»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը`   հավելելով, որ պետությունը մտադիր է վերահսկել  և բուհերի ինքնավարության որոշակի սահմանափակում մտցնել` առաջիկյում ընդունեկլով օրենք, ինչն  հնարավորություն կընձեեռի սահմանել բուհերի վարձավճարների վերին շեմ:

Ըստ Ա. Աշոտյանի` վարձավճարները պետք է տարբերակված լինեն ըստ կրթական աստիճանների ու որակի: «Այսինքն` ուսման վարձը չի կարող նույնը լինել բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի կրթական  աստիճաններում: Այս սկզբունքը պահպանվել է: Ինչ վերաբերում է որակին, ապա դրա չափման գործիքը միջազգային հավատարմագրումն է: Մեր քաղաքական մոտեցումը հետևյալն է` այն բուհերը, որոնք կանցնեն միջազգային հավատարմագրում, իրավունք կստանան սահմանել ավելի բարձր վարձ, իսկ այն բուհերը, որոնք կունենան տեղական հավատարմագրում՝ իրավունք կունենան սահմանել մեկ այլ վարձ: Չհավատրմագրված բուհերը ավելի ցածր վարձաճարով կառաջնորդվեն: Զուգահեռաբար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք սոցիալական քաղաքականությանն ու կրթության մատչելությանը: Այս ուղղությամբ հստակ քայլեր արվել են` սեպտեմբերի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների երեխաները, եթե սովորում են լավ, ապա 50-100 տոկոս ուսման վարձի զեղչ կստանան: Սա մոտավորապես կվերաբերի շուրջ 2500 ուսանողի»,- նշել է նախարարը և հավելել, որ ընդլայնվել է նաև բանակից զորացրվածների կրթության իրավունքը` ավելացնելով պետպատվերի տեղերը:

Նախարարի խոսքով՝ մշակման փուլում է գտնվում նաև ուսանողական զեղչերի մասին օրինագիծը, որտեղ այդ գործընթացի համար սահմանվում  են հստակ պահանջներ, այն դեպքում, երբ այժմյան օրենսդրությամբ սոցիալապես խոցելի խավերի համար բուհն ինքն է որոշում` որքան զեղչ կիրառել: «Մենք ուսանողների համար  ամբողջությամբ վերանայելու ենք սոցիալական քաղաքականությունը` սահմանելով հստակ կանոններ»,- շեշտել է ՀՀ ԿԳ նախարարը:

Գալիք տարի արդեն նախատեսվում  է ավելացնել պետպատվեր տեղերի քանակն այն մասնագիտությունների համար, որոնք պետության համար գերակա ուղղություններ են: Նախարարը տեղեկացրել է նաև, որ  այս տարի  պետպատվերի շուրջ 100 տեղեր տեխնիակական և գյուղատնտեսական  մասնագիտությունների գծով թափուր են մնացել, որոնք լրացուցիչ հատկացվել են արվեստի բուհերին:

«Փաստորեն մի կողմից մենք ունենք կրթության մատչելիության խնդիր, մյուս կողմից` պետպատվերով թափուր տեղեր: Օրինակ` Ագրարային համալսարանում պետպատվերով 60 տեղ թափուր էր մնացել: Սա նշանակում է, որ վճարունակության խնդիր ունեցող դիմորդները չեն փորձում հարմարվել կրթական շուկայի պահանջներին: Մենք ունենք մասնագիտությունների ընտրության շեղում` բոլորն ուզում են տնտեսագետ կամ իրավաբան դառնալ, սակայն դրանք պետության համար գերակա ոլորտներ չեն: Խնդիրները պետք է դիտարկել համալիր, ոչ թե հատվածական»,- պարզաբանել է Ա. Աշոտյանը` ավելացնելով, որ բուհերը երբեմն մեծ պահանջարկ վայելող մասնագիտություններից ստացված գումարներով ստիպված են լինում համեմատաբար քիչ պահանջված, սակայն պետության համար կարևոր նշանակությամբ մասնագետներ պատրաստել:

Ամփոփելով, ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ պետության համար գերակա  սկզբունք է՝ անել հնարավոր ամնե ինչ, որպեսզի որևէ լավ սովորող ուսանող վարձավճարի պատճառով դուրս չմնա բուհից: Նախորդ տարվա վիճակագրական տվյալներով բուհերից դուրս են մնացել 3000 ուսանող, որոնցից վարձավճարը չվճարելու պատճառով ընդամնեը 100-ը, իսկ մնացածն  ակադեմիական առաջադիմությամբ պայմանավորված։

Ցուցադրել ավելի
Back to top button