ԿարևորՎերլուծական

Ադրբեջանը փորձում է դիվիդենտներ շահել. փորձագետները՝ տարածաշրջանային զարգացումների մասին

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/08/130813anna.mp3

Վերջին օրերին անհանգստության տեղիք է տվել հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հայ-ադրբեջանական սահմանը հատելու և Ադրբեջանում հայտնվելու փաստը: Ի՞նչ ճակատագիր է սպասվում հայ զինծառայողին՝ պարզ չէ: Հայկական կողմն անում է հնարավորը հայ զինծառայողին ողջ ու առողջ ծնողներին վերադարձնելու համար: Մինչդեռ YouTube-ում հայտվել է մի տեսանյութ, որտեղ Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տալիս ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը և պատմում, որ միջադեպի օրը ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն իրեն ջրի է ուղարկել, և քանի որ զինծառայողը հոգնած է եղել ու հրաժարվել է հրամանը կատարել, հարված է ստացել դեմքի ուղղությամբ ու հասցված վիրավորանքից ու նվաստացումից դրդված կամավոր անցել է ադրբեջանական կողմը։

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կասկածներ ունի, որ զինվորը հարցազրույցը տվել է ճնշման տակ։ Այստեղ կարևոր չէ, թե ինչ քաղաքական ենթատեքստով ազատ կարձակվի հայ զինծառայողը, կարևոր է, որ ողջ և առողջ վերադառնա, ընդգծեց Դավիթ Ջամալյանը։

Վերջին օրերին շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվում, ինչը, նրա կարծիքով, թերևս պայմանավորված է Ադրբեջանի պաշտպանության նախարարի ԱՄՆ այցով։ Անցյալ տարի ևս լարվածություն առաջացավ առանջագծում ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան այցի ըթացքում, հիշեցրեց փորձագետը։ Սա պատահական չէ, պետք է հասկանալ պատճառահետևանքային կապը:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը շփման գծում միջադեպերը պայմանավորում է Ադրբեջանի՝ դիվիդենտներն կորզելու ցանկությամբ։ Բացի այդ՝ հերթական հանդիպումից առաջ ապակայունացումը առաջնածգում նպատակ ունի ճշտել ԱՄՆ տրամադրվածությունը: Չպետք է մոռանալ, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում և շատ կարևոր է այս ընթացքում ընդգծել հայերի նկատմամբ թշնամանքը՝ ավելի շատ կողմնակիցներ ունենալու համար: Սակայն պարզ է նաև, որ նախագահական ընտրություններից առաջ  Բաքուն արկածախնդրության չի գնա, ասում է Ջամալյանը։

Հայկական կողմը պարբերաբար հրադադարի ռեժիմի  խախտումներից հետո ոչ համարժեք ուժ է կիրառում, ինչը, Դավիթ Ջամալյանի համոզմամբ, հակառակորդին սանձող միակ միջոցն է։ Ադրբեջանական կողմն անընդհատ լարվածություն առաջացնելով փորձում է նաև վախեցնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որպեսզի վերջինները թողնեն տարածքն ու հեռանան, ուստի պետք է մեր պետության գերխնդիրը լինի սահմանամերձ բնակչության պաշտպանվածության հարցը:

Ինչ է նշանակում վերջին շրջանում նկատվող ռուս- ադրբեջանական հարաբերությունների ջերմացմանը. Պուտինի այցը Բաքու ռազմանավով և այդ երկրին սպառազինություններ վաճառելը որոշակի մեսիջներ է իր մեջ պարունակում։ Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող ջերմացումը պայմանավորեց ինչպես Հայաստանին Եվրոպական ուղղությանից հետ պահելու ձգտմամբ, այնպես էլ Մաքսային միություն բերելու հանգամանքով, ինչը, ի դեպ, նրա կարծիքով, հարմար հնարավորություն է Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում օգտագործելու համար։ «Ադրբեջանում ճիշտ են գնահատում, որ Մաքսային միությանը միանալը իդեա Ֆիքս է  Պուտինի համար և այդ հանգամանքը կարող են օգտագործել անգամ ղարաբաղյան խնդիրը լուծելու համար»,- ասում է վերլուծաբանը։

Սակայն եթե Ադրբեջանում չկան ռուսական զորքեր, Աղասի Ենոքյանի կարծիքով, Ռուսաստանը չի կարող Ադրբեջանի վրա ազդեցություն ունենալ։

Back to top button