ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը Հայաստանի անվտանգության, ԵՄ- ն՝ տնտեսության ընտրությունն է

2008 թվականի ռուս- վրացական պատերազմը բացասաբար ազդեց Հայաստանի տնտեսության վրա, սակայն անցած հինգ տարիներին Հայաստանը նշանակալի քայլեր է կատարել Եվրամիության հետ հարաբերություններում, գրում է commonspace.eu— ն, որի թղթակից Ջոզեֆ Ուրսոն օգոստոսի 5- ին Երեւանում հանդիպել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ եւ զրուցել տարածաշրջանային զարգացումների մասին։

 

Ռուս- վրացական հարաբերություններն ու Հայաստանը

Փոխնախարար Քոչարյանը նշել է, որ Հայաստանի հետ առեւտրաշրջանառության մեծ մասն անցնում է Վրաստանով՝ 75- 80 տոկոսը եւ միայն մնացած 20- 25 տոկոսն է իրականացվում Իրանում։ Թուրքիայի եւ Ադրբեջանի իրականացրած շրջափակման պայմաններում կարեւորելով աբխազական երկաթուղու շահագործումը՝ Շավարշ Քոչարյանը նշել է, որ դա կախված է ոչ թե Հայաստանից, այլ Վրաստանից, Աբխազիայից եւ Ռուսաստանից։

«Մենք ցանկանում ենք, որ երկաթուղին բացվի, սակայն դա հիմնականում կապված է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերություններից։ Բոլոր կողմերն էլ գիտեն, որ Հայաստանը շահագրգռված է հարաբերությունների կարգավորմամբ»,- ասել է նա։

 Հայաստանը, ԵՄ- ն եւ Ռուսաստանը

Խոսելով ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի եւ Խորը եւ համապարփակ առեւտրի ազատ գոտու համաձայնագրի ու Մաքսային միության միջեւ ընտրության մասին՝ Շավարշ Քոչարյանը փաստել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Մաքսային միությանն ավելի շատ երկրների միանան, «նրա համար կարեւոր է, որպեսզի Ուկրաինան եւ Հայաստանը, գոնե հայտարարեն, որ ցանկանում են այդ միության մաս կազմեն»։ Սական, ըստ փոխնախարարի, խնդիրն այն է, որ Մաքսային միությունը խոչընդոտ է Ասոցացաման պայմանագրի ստորագրմանը։

Միաժամանակ նա նշում է, որ «սա չի խոսում նրա մասին, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը թեքվում է ավելի շատ ԵՄ կամ Ռուսաստան, այլ ցույց է տալիս, որ Հայաստանը տեսնում է իր տնտեսության զարգացման համար մեկից ավելի հնարավորություններ»։

Հայաստանի փոխարտգործնախարարը խոստովանել է, որ Ռուսաստանը գտնվում է Հայաստանի անվտանգության ոլորտում, այն դեպքում, երբ Ասոցացման համաձայնագիրը՝ տնտեսական ոլորտում։ «Սա չի հակասում մեկը մյուսին։ Անվտանգության առումով Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ։ Մենք Ռուսաստանի կողմից ղեկավարվող ՀԱՊԿ անդամ ենք։ Սակայն մենք ակտիվորեն համագործակցում ենք ՆԱՏՕ- ի հետ։ ՀԱՊԿ անդամներից միայն Հայաստանն է ՆԱՏՕ- ի կազմում աշխարհի տարբեր մասեր իր խաղաղապահ ուժերն ուղարկել։ Սակայն մենք երբեք չենք ասել, որ ցանկանում ենք ՆԱՏՕ- ի անդամ դառնալ։ Մենք ՀԱՊԿ անդամ ենք»,- ասել է Շավարշ Քոչարյանը։

 

Ղարաբաղյան խնդիրը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու պատճառը Մինսկի խմբի մեջ չէ, այլ՝ Ադրբեջանի դիրքորոշման, ասել է Շավարշ Քոչարյանը։ Կրկնելով, որ Ադրբեջանի գործողությունները հակասում են Մադրիդյան սկզբունքներին, փոխնախարարը նշել է, որ առաջընթաց հնարավոր չէ՝ առանց կողմերի միջեւ վստահության հաստատման։ «Վստահության կարելի է հասնել ընդունելով Մինսկի գործընթացի համանախագահների բոլոր առաջարկները։ Առաջինը՝ հետ քաշել դիպուկահարներին շփման գծից։ Երկրորդ՝ հասարակություններին  նախապատրաստել խաղաղության, ոչ թե՝ պատերազմի»։

Արձանագրելով, որ Ադրբեջանն ամեն օր ռազմակոչեր է հնչեցնում՝ Շավարշ Քոչարյանը կոնկրետ փաստերով (Սաֆարովի դեպքը, գրող Այլիսլիի դեմ հալածանքները) ապացուցել է, որ ադրբեջանցիներն իրենց կեցվածքով փորձում են պահպանել երկու հասարակությունների միջեւ թշնամանքը։ «Հայկական կողմի տեսակետն այն է, որ Ադրբեջանը պետք է առավել պատասխանատու գործի եւ հրաժարվի «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքից»,- ասել է Շավարշ Քոչարյանը։

Լրագրողի հարցմանը, թե ի՞նչ ուղերձ կարող է հղել ԵՄ- ում ապրող մարդկանց, փոխնախարարն արձանագրել է, որ «ԼՂՀ- ն կայացած, ժողովրդավարական պետություն է եւ ես կոչ եմ անում բոլորին այցելել Արցախ, տեսնել իրական վիճակը։ Մեզ անհրաժեշտ են նաեւ հումանիտար կապեր կողմերի միջեւ, որը կօգնի նվազեցնել ատելությունը»։

Իսկ պե՞տք է Եվրոպան անհանգստանա նոր պատերազմի հեռանկարով, հարցրել է commonspace.eu- ի թղթակիցը։

«Իհարկե, որոշ  առումով նրանք պետք է անհանգստանան, սակայն կան այնպիսի գործոններ, ինչպիսիք Մինսկի խումբն ու Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունն են, որոնք պատերազմն ավելի քիչ հավանական են դարձնում։ Այնուամենայնիվ՝ համանախագահող երկրները, ԵՄ- ն եւ ԵԱՀԿ- ն պետք է դատապարտեն ռազմակոչերն ու ռասիստական հռետորությունը, որոնք տարածում են ատելություն, որովհետեւ եթե նրանք դա չանեն, ապա խաղաղություը պահպանելու հնարավորությունները կնվազեցնեն»։

Ցուցադրել ավելի
Back to top button