Հասարակություն

Հայաստանը համայն հայության հայրենիքն է, Սփյուռքի նախարարն ընդունեց «Արի տուն» ծրագրի հերթական մասնակիցներին

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Այսօր տեղի է ունեցել Սփյուռքի երիտասարդների  «Արի տուն» հայրենաճանաչության  2013 թվականի ծրագրի յոթերորդ  փուլի բացումը: 2009 թվականից անցկացվող ծրագրով նախորդ 4 տարիների ընթացքում հայրենիք է այցելել շուրջ 3000 սփյուռքահայ պատանի և երիտասարդ: Ծրագրի հիմնական նպատակներն են սփյուռքահայ երիտասրդների ծանոթությունը Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, հայրենիքի հետ ամուր կապերի ձևավորումը, ազգային ինքնորոշման ամրապնդումը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի հասակակիցների միջև ընկերական հարաբերությունների հաստատումը: 
Միայն այս տարվա ծրագրի 7-րդ փուլին մասնակցում են 85 սփյուռքահայեր աշխարհի 16 երկրներից: Ողջունելով 13-20 տարեկան սփյուռքահայ երիըասարդներին` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ Հայաստանը համայն հայության հայրենիքն  է: Հայրենիքում 2 շաբաթով հյուրընկալվելու ընթացքում այս պատանիների ու երիտասարդների համար կազմակերպվում են այցելություններ Հայաստանի հիմնական պատմամշակութային վայրեր, համերգներ, փառատոներ, ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, հայոց լեզվի, գրականության, պարարվեստի, Հայոց պատմության և եկեղեցական ավանդույթների ուսուցում:

Ծրագրի կարևոր բաղադրիչն է ակտիվ շփումը Հայաստանի և Սփյուռքի հասակակիցների, ինչպես նաև հանդիպումներ պետական և հասարակական ակնառու գործիչների հետ: Ծրագրի ամենակարևոր կետը, սակայն, հայոց լեզու սովորելն ու հայերեն խոսելն է: Այս առումով պատահական չէ, որ ծրագիրն այս տարի համալրվել է բովանդակային նոր բաղադրիչներով՝ հայոց լեզվի  ամենօրյա  դասընթացներով, որոնք կանցկացվեն Երևանի Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում: Հայրենիքում լինելն ու ծրագրին մասնակցելը շատ է ոգևորել հատկապես սփյուռքահայ պատանիներին ու երիտասարդներին:

Թեև ծրագրի տևողությունը 14 օր է, նախարարը խոստացավ, որ հյուրերի մեծ ցանկության դեպքում նրանց այցելությունը կերկարի ևս 2 օրով: Այս տարվա ծրագրում ի դեպ կա ևս մեկ փոփոխություն. բոլոր փուլերի ընթացքում մասնակիցներին կուղեկցեն մասնագետ զբոսավարները:

Ցուցադրել ավելի
Back to top button