ԿարևորՀասարակություն

Երիտասարդների 78,5 տոկոսը ցանկանում է մեկնել Հայաստանից

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Միգրացիան գնալով ավելի մտահոգիչ խնդիր է դառնում աշխարհում, իսկ Հայաստանում դրա դրսեւորումներն աստիճանաբար ավելի սուր բնույթ են սկսում կրել: Հայաստանից այսօր մեկնում են ամենաակտիվ, ամենալուրջ ներուժ ունեցող ու վերարտադրողական տարիքում գտնվող մարդիկ, ովքեր լուրջ ազդեցություն են ունենում կամ կարող են ունենալ երկրի զարգացման գործում: Այսօր Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր խոսքը մտահոգիչ դիտարկումներով սկսեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

Այս տարի Երիտասարդության համաշխարհային օրն աշխարհում անցկացվում է «Երիտասարդների միգրացիա. առաջ մղելով զարգացումը» կարգախոսի ներքո: Հայաստանում, սակայն, թեման խիստ մտահոգիչ երանգներ է կրում: Հայրապետյանի փոխանցմամբ` Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն` մինչև 30 տարեկան հարցված երիտասարդների 78,5 տոկոսը հնարավորության դեպքում տարբեր նպատակներով կմեկներ Հայաստանից, իսկ 36,5 տոկոսը՝ ընդմիշտ, ինչը մտահոգիչ է: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչը հայ երիտասարդներին առնչվող մեկ այլ խնդիր էլ է առանձնացնում` աղջիկների եւ տղաների թվի անհամամասնությունը։

Հայաստանյան իրականության մեջ արդեն չափահաս դարձած երիտասարդները բարձրացնում են հարցեր, որոնց պատասխանները փնտրում, պահանջում են ու չեն գտնում: Արտերկիր մեկնելու պատճառների հիմքում հենց սա է ու սոցիալական խնդիրներից բխող հարցերը: Հայ երիտասարդները շատ ավելի բարձր են գնահատում արտերկրում  աշխատանք գտնելու հնարավորությունները՝ 48 տոկոս, տեղյակ են, որ արտերկրում աշխատավարձերն ավելի բարձր են։ Հարցումները ցույց են տվել` հայրենիքը լքելու պատրաստ երիտասարդների 26 տոկոսը դա բացատրում է տիրող բարոյահոգեբականակ վիճակով, ընդ որում` տարբեր տարիների անցկացված հարցումները ցույց են տվել` այս պատճառով երկիրը լքելու պատրաստվողների թիվն աճում է` ավելացնելով Հայաստանի համար միգրացիայի մտահոգիչ հետեւանքները: Նույն հետազոտությունները խոսում են այլ խնդիրների մասին եւս` երիտասարդները չեն կարողանում գտնել իրենց երկրորդ կեսին:

Վերջին տարիներին Հայաստան են եկել մեծ թվով իրաքահայ եւ սիրիահայ փախստական երիտասարդներ: Սա միգրացիայի` Հայաստանին առնչվող հարցի դրական կողմերից մեկն է, քանի որ հայրենադարձ երիտասարդները երկրին են փոխանցում իրենց ներուժը: Սակայն դա չի հավասարակշռում մյուս երիտասարդների` երկրից մեկնելու հետեւանքով առաջացող բացը: Ընդ որում` միգրացիայի բացասական հետեւանքները տարածվում են ոչ միայն Հայաստանի ներսում, այլեւ Հայաստանից դուրս` երկրից մեկնողներին կանգնեցնելով  խտրականության եւ շահագործման ռիսկի առջեւ: Այս խնդիրն առավել գլոբալ է: Համաշխարհային վիճակագրությունը փաստում է` տարեկան ընդհանուր մոտ 214 մլն միջազգային միգրանտների ավելի քան 10 տոկոսը կազմում են երիտասարդները: Իսկ նրանց առջեւ ծառացող դժվարությունների եւ ապրումների մասին վիճակագրությունը չէ, որ խոսում է։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը վստահ է` միգրացիայի դեմ պայքարի քայլերին արդյունավետության նոր որակ է պետք հաղորդել: Այդ գործը Հայաստանում դրված է տարբեր կառույցների վրա, իսկ գործառույթների բաժանումը նվազեցնում է դրանց արդյունավետությունը: Հայրապետյանը փնտրել է նաեւ միգրացիայի դրական կողմերը ու միայն հումորային պատասխան գտել` այն, որ հայ տղամարդկանց համեմատությունը հայ եւ ռուս կանանց միջեւ հայ կանանց օգտին է։

Back to top button