Ինչպիսին դատարանն է, այնպիսին էլ՝ փաստաբանությունն է


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
ՀՀ փաստաբանական դպրոցում այսօր տեղի են ունեցել 2013 թվականի աշնանայի հոսքի ընդունելության քննությունները: Եթե 2012 թվականին հիմնադրված դպրոցն առաջին տարում ուներ 105 դիմորդ, իսկ նախորդ ուսումնական տարում՝ 138 դիմորդ, ապա ուսումնական այս տարվա ընդունելության համար դպրոցն ունի 175 դիմորդ: Դիմորդների թվի աճը դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը պայմանավորում է քննությունների թափանցիկությամբ և դասընթացների արդյունավետությամբ:
Փաստաբանական դպրոցում ընդունելության քննությունները անցկացվում են համակարգչային հատուկ ծրագրով: Դիմորդները 3 ժամվա ընթացքում պատասխանում են 150 հարցի։ Անցողիկ շեմը 110 միավորն է: Դպրոց կընդունվեն 60- ը, ուսման տեւողությունը 1 տարի է:
Այսքան փաստաբաններ ունենալով հանդերձ՝ ինչպիսի՞ն է փաստաբանության որակը մեր հանրապետությունում։ «Ռադիոլուրի» հարցին Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը պատասխանեց՝ մասնագիտական որակն այնպիսին է, ինչպես մեր դատավորների և դատարանների որակն է` հավելելով, որ մեր համակարգերը արժանի են միմյանց: