ԿարևորՀասարակությունՏնտեսական

Աշխարհում պարենի գները շարունակում են իջնել, Հայաստանում…

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Աշխարհը հաղթահարել է ճգնաժամի հետեւանքները պարենի գների վրա, եւ այժմ սննդի համաշխարհային գներն առավելապես նվազման միտում են ցուցաբերում: ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունն օրեր առաջ հրապարակել է պարենի համաշխարհային գների սանդղակը, որում 6 հիմնական խմբերով ներկայացրել է, թե 1990-ականներից հետո որքանով են բարձրացել կամ իջել մթերքի գներն աշխարհում:

Հաշվարկվել են նախ ընդհանրապես 55 հիմնական պարենային ապրանքների միջին գները, ապա առանձնացվել են մսամթերքի, ձավարեղենի, շաքարի, յուղերի, կաթնամթերքի գները: ՄԱԿ-ը պարզել է` աշխարհում հուլիսին սննդի գներն իջել են այս տարվա ամենացածր մակարդակին։ Ընդ որում` աշխարհում սննդի գները նվազում են վերջին 3 ամիսներին անընդմեջ:

Դրանք իրենց ռեկորդային ամենաբարձր մակարդային հասել էին ճգնաժամի շրջանում. 2011-ի փետրվարին արձանագրվել է թանկացման գագաթնակետը. սննդամթերքի գների ինդեքսը գնահատվել է 237.9: 2011-ից առաջին ամիսներից հետո ամենաշատն էժանացել են ձավարեղենը, յուղերը: Մսամթերքի գները ճգնաժամային պիկից հետո կրկին նվազել են, թեեւ դրանց գնանկումը վայրիվերումներով է` անընդհատ բնույթ չի կրում: Պարենի էժանացման համաշխարհային վիճակագրությունը, սակայն, որեւէ կերպ չի արդարացվում հայաստանյան տնտեսության մեջ:

Մինչ աշխարհում մսամթերքը, ձավարեղենը շաքարը, յուղերը, կաթնամթերքն էժանանում են, Հայաստանի գլխավոր դրամատունը այս ու եկող տարվա համար կազմում է գնաճի նոր՝ բացասական սցենար. 2013-ին գնաճը կանխատեսվածից կրկնակի բարձր է լինելու` մոտ 8 տոկոս, ՀՆԱ աճը` կանխատեսվածից 1 տոկոս ցածր:  Կենտրոնական բանկը սա պատճառաբանում է առաջարկի շոկով, ասել է, թե տնտեսական  մի շարք գործոններ միանգամից ազդում են գնաճի վրա:

Վերջինիս հիմքում կիսափակ սահմաններն են, միջազգային շուկաներից կախվածությունը, որոնց այս տարի ավելացան նաեւ էլէկտրաէներգիայի, գազի թանկացումները, կարկտի հասցրած վնասը: Ազգային վիճակագրական ծառայությունը թեեւ շեշտում է, որ սեզոնին բանջարեղենի գները Հայաստանում նվազում են ու փոխում գնաճի հիմնական պատկերը, սակայն տարեկան վերջնական կտրվածքով պարենի գները մեր երկրում, միեւնույն է, բարձրացում են արձանագրում: 2013թ. հուլիսին 2012թ. հուլիսի համեմատ միայն պարենային ապրանքները` ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ, թանկացել են 9.9%-ով:  Ընդ որում` թանկանում են հենց այն ապրանքները, որոնց համաշխարհային գներն իջնում են։

2013թ. պետբյուջեով աշխատավարձերը չբարձրացնելու պայմաններում առավել ևս Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում դիմակայել գնաճի նոր մարտահրավերներին: ՀՅԴ պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն այն համոզմանն է, որ մեր քաղաքացիներն ինչպես որ աղքատ էին, այնպես էլ մնացել են աղքատ: Մինասյանն ահազանգում է` այս վիճակը հանգեցնում է մեկ այլ մարտահրավերի` վճարունակության անկման. մարդիկ ավելի շատ նախընտրում են ոչ թե ճոխություններ ձեռք բերել, այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ։

Գնաճի նոր պոռթկումներով հանդերձ` Կենտրոնական բանկը լիահույս է, որ եկող տարվա կեսից կհաջողվի այն բերել նպատակային միջակայք, իսկ տնտեսական աճը կմոտենա իր հավասարակշիռ մակարդակին: Սակայն փորձը ցույց է տալիս, որ մինչ արդյունք կտան Կենտրոնական բանկի` գնաճի զսպման և ՏՄՊՊՀ-ի` չհիմնավորված թանկացումները պատժելու քայլերը, սպառողի գրպանին արդեն հերթական հարվածն է հասցվում:   

Back to top button