ԿարևորՀասարակությունՏնտեսական

Անօրինական ճանապարհով վաստակած մեծ գումարները տերերի մոտ դեպրեսիա են առաջացնում

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանում ներմուծման եւ արտադրության ոլորտում առկա մենաշնորհն այն պատնեշն է, որը թույլ չի տալիս արտասահմանյան կազմակերպություններին մտնել հայկական շուկա, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: «Այսօր ցանկացած խոշոր կազմակերպության նպատակը արտաքին շուկան զավթելն է, եւ նման կազմակերպությունների ուշադրությունը շատ հաճախ կենտրոնանում է հենց մեր նման փոքր երկրների վրա, ուստի կարելի է ինչ-որ տեղ դրական գնահատել մեզ մոտ առկա մոնոպոլիան»,- ասել է նա։

Տնտեսագետը շեշտել է, որ Հայաստանում արտադրության ոլորտում մոնոպոլ իրավունք ունեցող տնտեսվարողները պետք է ձգտեն ոչ թե սեփական ժողովրդի հաշվին հարստանալ, այլ՝ գրավել արտաքին շուկան, սակայն, Հայաստանում մենաշնորհն ավելի շատ արտահայտված է ներմուծման ոլորտում:

Տնտեսագետի խոսքով՝ որքան էլ պայքարեն մենաշնորհների դեմ, միեւնույն է` դրանք կլինեն: Ըստ Վիլեն Խաչատրյանի` պարզապես պետք է մշակել դաշտը կառավարելու ճիշտ ռազմավարություն, որը թույլ չի տա, որ մենաշնորհը բացասական անդրադառնա երկրի տնտեսության վրա:

Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը, մինչդեռ, ցավալի է համարում, որ Հայաստանում խոշոր բիզնեսը կենտրոնացած է մի քանի ընկերությունների ձեռքում: Նա համոզված է, որ երկրի տնտեսության զարգացման կարեւոր գրավականներից մեկն ազատ մրցակցությունն է: Պայմանները պիտի լինեն այնպիսին, որ բոլորը բիզնես ծավալելու հնարավորություն ունենան, շեշտեց Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահը: Նրա կարծիքով` համակարգը պետք է փոխել. օրենսդրական բարեփոխումների ճանապարհով վերացնելով տարբեր ոլորտներում գոյություն ունեցող մենաշնորհները, որպեսզի մարդիկ ազատ գործունեություն ծավալելու հնարավորություն ունենան։

Խաչատուր Մարոզյանի դիտարկմամբ` սովորաբար անօրինական ճանապարհով վաստակած մեծ գումարները տերերի մոտ վախի եւ դեպրեսիայի մթնոլորտ են առաջացնում, մինչդեռ` սեփական քրտինքով գումար վաստակած մարդու մոտ երբեք այդպիսի զգացողություններ չեն առաջանում: Ըստ բանախոսի` հանրության մեջ անուշադիր եւ դեպրեսիվ վարքի առկայությունը հենց անմաքուր փողերի արդյունք է:  Այդպիսի կործանարար հետեւանքներին մենք բոլորս ենք ականտես, համոզված է Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ։

Կարդացեք նաև
Close
Back to top button