Հասարակություն

Պետության հովանավորությամբ ամառային ճամբարները փակվեցին

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»-Արմավիր

Ավարտվեց դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումը մանկական ճամբարներում, որն իրականացվեց  պետական բյուջեի միջոցներով։ Հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 8- ը Արմավիրի մարզի շ 215 երեխաներ իրենց ամառային հանգիստը երկու հերթափոխով անցկացրեցին Հանքավանի «Հասմիկ» մանկական առողջարարական ճամբարում։ Երեխաները վերադարձել են հաջորդ տարի նույնպես մեկնելու ցանկությամբ։

Արմավիրի մարզի դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը տարբեր կերպ է կազմակերպվում: Հատկապես ամռան այս ամիսներին տապից խուսափելու նպատակով  ծնողները երեխաների հետ մեկնում են ավելի զով վայրեր, հանգստանում տարբեր հանգստյան տներում ու առողջարաններում, որոնք, սակայն, ոչ բոլորի համար է մատչելի: Սոցիալական տարբեր խմբերի ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպումն  ադեն 10-րդ  տարին  իր հովանավորության տակ է վերցրել պետությունը: Արմավիրի մարզի  զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան  200-ից ավելի  երեխաների ամառային ակտիվ հանգիստը կազմակերպվել  է  Հանքավանի «Հասմիկ» մանկական առողջարարական ճամբարում:

Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ծաղկանուշ Գրիգորյանի  ներկայացմամբ՝ ճամբարում իրականացվել  են բազմաբովանդակ կրթական ու մշակութային ծրագրեր:

Օգոստոսի 8-ին երեխաները հրաժեշտ տվեցին սիրելի ճամբարին, որտեղ հանգստացել են 20 օր: Ճամբարի առօրյան հագեցած է եղել, ազատ ժամանակ գրեթե չեն ունեցել, իսկ օրվա զբաղվածությունը թոթափել են երեկոյան ուրախ ժամանցում:  Դավիթ Սիմոնյանը Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից է, 13 տարեկան, առաջին անգամ էր ճամբարում, վերադարձել է` հաջորդ տարի դարձյալ մեկնելու տրամադրվածությամբ: 
Արմավիր գյուղից Հրանտ Ազիզյանը իր հասակակիցների հետ ճամբարում  որոշակի ինքնուրույնություն է ձեռք բերել մասնակցել է ուրախների ու հնարամիտների մրցույթին,  արշավներին:

Արմավիրի մարզի երեխաների հետ արդեն երրորդ տարին է, որպես ջոկատավարներ են մեկնում Հասմիկ և Մարիամ  Սիմոնյան քույրերը: Երեխաների  հետ աշխատանքիային փորձը նպաստելու է ապագա մանկավարժներին ճիշտ մոտեցում ցուցաբերել երեխաների կրթության և դաստիարակության հարցում: Նրանց  պնդմամբ` ճամբարում երեխաներն առողջ ապրելակերպ են վարել, նրանց հետ աշխատել է  լոգոպեդը, հոգեբանը, մանկավարժը: Ճամբարում երեխաները հարստացրել են գիտելիքները, ստացել են հայրենասիրության դասեր։

Կազդուրված ճամբարակաների վերադարձը հուզմունքով ու բացականչություններով դիմավորեցին հարազատները:  Բաղրամյան գյուղից 7- ամյա Աննա կարոտից  անընդհատ լաց էր լինում, իսկ  մայրը դատելով երեխայի արտաքինից գոհունակություն հայտնեց կազմակերպիչներին այդօրինակ հնարավորության  ընձեռման համար,  միաժամանակ նշեց, որ գյուղում ոչ մի պայման չկա երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու և հետաքրքիր անցկացնելու համար։ Ակտիվ հանգստից հետո երեխաները պատրասստվելու են նոր ուսումնական տարվան:

Ցուցադրել ավելի
Back to top button