ԿարևորՀասարակություն

Կառավարությունը խնդիր է դրել շինարարության ոլորտում աճ ապահովել

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Օգոստոսի 9-ը առիթ է արժևորելու հայ շինարարին և արձանագրելու ոլորտում առկա հաջողությունները: Ավանդույթի համաձայն՝ այն նշվեց հանդիսավոր արարողությամբ։ Ոլորտի ներկայացուցիչներին շնորհավորեց և մասնագիտական ոլորտում նորանոր հաջողություններ մաղթեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:


Վարչապետն ընդգծեց, որ մեր ժողովրդի պատմության շարունակության ապահովման մեջ կարևորագույն դերակատարում ունեն հենց շինարարները` այն հարուստ ժառանգությամբ, որ թողել են մեզ: Այսօր էլ կարող ենք ուրախությամբ շեշտել, որ ժամանակակից շինարարությունը ստեղծում է այնպիսի գլուխգործոցներ, որոնցով հպարտանում ենք և որոնք որպես ժառանգություն թողնելու ենք մեր ապագա սերունդներին` ևս մեկ անգամ շնորհավորելով շինարարներին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Շինարարի տոնի կապակցությամբ և քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրեց ոլորտի մի շարք ներկայացուցիչների: Ինչպես իր հերթին նկատեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, բոլոր ժամանակներում էլ եղել են դժվարություններ ու հիմա էլ ոլորտում կան մարտահրավերներ, բայց նա վստահ է, որ շինարարները, ճարտարապետներն ու շինարարական արդյունաբերողները կկարողանան հաղթահարել դրանք: Նախարարը նաև նշեց, որ շինարարության ոլորտի` հատկապես մասնավոր հատվածի, նախորդ տարվա ցուցանիշները համեստ են, ուստի կառավարությունը ոլորտի պատասխանատուների առջև խնդիր է դրել շինարարության ոլորտում ապահովել տնտեսական աճ։

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր նաև կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչով է առանձնանալու կոմիտեն և որն էր նման կոմիտե ստեղծելու անհրաժեշտությունը: Նարեկ Սարգսյանը նշեց, որ կոմիտեն նոր չէ, այն եղել է մինչև 95 թվականը, որից հետո միացել է քաղաքաշինության նախարարությանը։

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Նարեկ Սարգսյանն ազատվել է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից, իսկ օգոստոսի 8-ին հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ։

Ցուցադրել ավելի
Back to top button