ԿարևորՀասարակություն

Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվն աճել է, հանցագործ անչափահասների թիվը՝ նվազել

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Նախորդ տարվա առաջին յոթ ամիսներին արձանագրվել էր անչափահասների մասնակցությամբ հանցավորության 207 դեպք: Այս տարի այդ ցուցանիշը 220 դեպք է, այսինքն` 13 դեպքով աճել է անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների քանակը։ Ոստիկանության անչափահասների գործերով վարչության ղեկավար Նելլի Դուրյանի խոսքով` թեեւ դեպքերի քանակով աճ կա, սակայն հանցագործությունների մեջ ներգրավված անձանց քանակի առումով նկատվում է նվազում, ինչը կարեւոր ցուցանիշ է։ Եթե նախորդ տարի հանցագործություններում ներգրավված անչափահասների քանակը եղել է 184, ապա այս տարվա վեց ամիսներին այդ թիվը  180 է։

Ոստիկանության ներկայացուցչի տեղեկացմամբ` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների մեջ հիմնական մասը գողություններն են, դրան հաջորդում են մարմնական վնասվածքները։ Նելլի Դուրյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի նվազել է անչափահասների կողմից կատարվող ծանր հանցագործությունների թիվը։ Անդրադառնալով անչափահասների կողմից հանցագործությունների կատարման դրդապատճառներին առնչվող հարցին` ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ չի կարելի ասել, թե պատճառը սոցիալական վատ վիճակն է։

Նելլի Դուրյանի տեղեկացմամբ` կալանավայրերում տվյալ պահին ծանր հանցագործությունների համար պատիժ է կրում 15 անչափահաս։

Ցուցադրել ավելի
Back to top button