Քաղաքական

Մեր ամենամեծ և կայացած ձեռքբերումը անկախությունն է, ասում է Հայրիկյանը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Մեր ամենամեծ և կայացած ձեռքբերումը անկախությունն է: Մնացած հաջողությունները երկրորդական են, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա`եթե աշխարհաքաղաքական փոփոխությունները, մասնավորապես Խորհրդային Միության փլուզումը, տեղի ունենային առանց ժողովրդի մասնակցության և Հայաստանը չդառնար անկախ պետություն, ապա այսօր այս վարչական միավորը կկոչվեր Հարավ-կովկասյան հանրապետություն և կունենար առավելագույնը կես միլիոն ռուսախոս բնակչություն:

Իսկ այսօր մենք ունենք մեր անկախությունը և այդ ձեռքբերումը դառնում է կրկնակի, երբ դու ինքդ էլ դրանում քո ներդրումն ես ունեցել, խոսելով «Անկախություն հանրաքվեի ճանապարհով» ծրագրի իրագործման կարևորության մասին, ասաց ԱԻՄ առաջնորդը։ Ծրագիրն այնքան գայթակղիչ էր, որ անկախության համար պայքարող Ազգային միացյալ կուսակցությունը լինելով Խորհրդային Միությունում անընդմեջ գործող միակ ժողովրդավարական կազմակերպությունը, դարձավ բոլոր ազգերի սկզբունքային այլախոհներին միավորող միջազգային կազմակերպություն: Այսպիսով` ԱՄԿ-ԱԻՄ գործունեության լուսապսակը Հայրիկյանը համարում է Անկախության որդեգրումը հանրաքվեի ճանապարհով, որը տեղի է ունեցել ուղիղ 40 տարի առաջ օգոստոսի 10-11-ին տեղի ունեցած ԱՄԿ ղեկավարության արտագնա նիստում:

Հայրիկյանը կարծում է, որ «Անկախություն հանրաքվեի ճանապարհով» ձեռբերումը պետք է դառնար տարվա հիմնական նյութը: Այնինչ` առայժմ միայն ԱԻՄ-ն է նշում օրը ավանդական դարձած ասուլիսով և 40 տարի առաջվա երթուղով իրականացվող արշավով, որը մեկնարկելու է օգոստոսի 10-ին. անցնելու են Գեղարդով, Գողթն գյուղով, Սուրբ Ստեփաննոս եկեղեցիով, Հավուց թառ բնակավայրով: Հայրիկյանը համոզված է, որ գալու է ժամանակը, երբ սա կդառնա համազգային միջոցառում։

Ցուցադրել ավելի
Back to top button