ԿարևորՔաղաքական

Համակարգում ներքին դիմադրություն կա, ասում է վարչապետը (լրացված)

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց ու ավարտեց օրակարգային հարցերից դուրս դիտարկումներով: Գնալով օգոստոսի սկզբին շուրջ 1500 թոշակառուների կենսաթոշակների տրամադրման ուշացումների հետքերով` սոցապ նախարարին հանձնարարվել է քննություն անցկացնել: Քննությունն էլ պարզել է` կենսաթոշակային համակարգում վերջին աղմկահարույց բացահայտումներից ու արմատական փոփոխություններից հետո նոր խախտումներ են շարունակում բացահայտվել: Կենսաթոշակների տրամադրման գործընթացում թղթային փաստաթղթերից էլեկտրոնային տվյալների բազային անցնելը ներքին դիմադրության է հանդիպում, սակայն հիմնական կոռուպցիոն ռիսկերը հենց թղթերի մեջ են, քանի որ վերահսկողությունն ամբողջական չի ստացվում. արձանագրում է վարչապետը։


Կենսաթոշակային համակարգում արձանագրված խախտումների մասին ավելի բաց կհայտարարվի սեպտեմբերին: Աշնանային ամիսներին այլ անելիքներ էլ կան: Սեպտեմբեր-հոկտեմբերին ոչ պետական կառույցները պետք է գնահատեն պետության կողմից հարյուր հազարավոր մարդկանց մատուցվող սոցիալական ծառայությունների որակը: Որպեսզի արդյունքները տհաճ անակնկալի չբերեն, հարկ է մինչ այդ նոր հայացք ձգել սոցծառայությունների որակին, հանձնարարեց վարչապետը: Աշնանը հարկային մուտքերին նոր թափ հաղորդելու համար արդեն ամառվա վերջին շրջանում պետք է ոլորտ առ ոլորտ ամփոփվեն ՀՆԱ աճի արդեն առկա ցուցանիշերը, հստակեցվեն անելիքներն ու բացահայտվեն հարկային թաքնված ռեսուրսները:

Անելիքները շատ են նաեւ պետական գնումների ոլորտում: Սեփական դիտարկումները թույլ են տալիս Տիգրան Սարգսյանին համոզմունք հայտնել, որ պետգնումների ոլորտում դրական տեղաշարժերն ակնհայտ են: Սակայն որոշ գերատեսչություններում խախտումները դեռ անպակաս են:

Իրաքի քաղաքացիներին Հայաստան մուտքի վիզաների տրամադրման խնդիրը վարչապետի հանձնարարականով պետք է նորովի ուսումնասիրվի: Հարցը կարեւորվում է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Իրաքը մեծ, վճարունակ ներուժով երկիր է: Այնտեղից զբոսաշրջային հոսքը Հայաստան ուղղելու համար ուղիղ չվերթերի կազմակերպման հարցն օրակարգ կբերվի:

Շարունակում է օրակարգում մնալ նաեւ ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման հարցը: Շենքի կառուցումն ավարտին մոտ է, ժամանակն է դրա հավատարմագրային կառավարչին ընտրել, մրցույթով պետք է էկոնոմիկայի նախարարությունը զբաղվի: Հոկտեմբեր-նոյեմբերին արդեն բելգիական կողմը պետք է տրամադրի ուռուցքաբանական ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ցիկլոտրոն սարքը: Զգայուն այս սարքերը պահանջում են կառուցապատման ու ներքին հարդարման մեջ խիստ զգուշավոր լինել. շեշտում է վարչապետը:

Հայաստանն առաջին քայլերն է ձեռնարկում եվրապարտատոմսերի թողարկման ուղղությամբ` գործակցելով միջազգայնորեն հայտնի ֆինանսական 7 կազմակերպությունների հետ: Նրանց արդեն գործակցության ձեւաչափը հստակեցնելու վերաբերյալ առաջարկ-պահանջներ են ներկայացվել: Գործադիրը հավանության արժանացրեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագիծն։

Կառավարության այսօրվա նիստն էլ առանց զուգահեռ անցկացվող բողոքի ակցիաների չանցավ: Շենքի բակում այսօր ուսումնական նոր տարվան ընդառաջ բողոքի են դուրս եկել ուսանողները` պահանջելով կասեցնել ուսման վարձավճարների բարձրացման որոշումները: Ուսման վարձերի բարձրացումը նրանք որակում են ոչ այլ ինչ, քան միտումնավոր ազգաոչնչացում եւ ուսումնատենչ երիտասարդության տեղահանման առիթ: Բողոքի ակցիան սպասվածից ու խոստացվածից ավելի սակավամարդ էր, սակայն դրա կազմակերպիչները վստահեցրին` սա դեռ սկիզբն է։

Ցուցադրել ավելի
Back to top button