Քաղաքական

Գրիգորի Այվազյանը կմասնակցի հոկտեմբերին կայանալիք Ադրբեջանի նախագահի ընտրություններին

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Ադրբեջանի նախագահը կործանման է տանում իր երկիրը, ուստի` Ադրբեջանի բոլոր առողջ քաղաքական ուժերի համար օրակարգային է դարձել արկածախնդիր բռնապետ Իլհամ Ալիևին հեռացնելու հարցը, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի թեկնածու, «Ադրբեջանահայերի ասամբլեայի» նախագահ Գրիգորի Այվազյանը`խոսելով հոկտեմբերին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին։

Ադրբեջանահայերը  մեծ դեր են ունեցել Ադրբեջանի  ստեղծման գործում, ուստի նրանք պետք  է մասնակցեն պետության ղեկավարման գործընթացին: Այս համոզվածությամբ էլ Գրիգորի Այվազյանը կմասնակցի Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին։

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը հայտարարեց, որ անկախ այս օրինական պահանջին տրվելիք արձագանքից, իրենք կանեն ամեն ինչ` Բաքու մեկնելու եւ տեղում նախագահական ընտրություններին մասնակցելու համար։  Գրիգորի Այվազյանը նկատում է, որ ինչպես ինքը, այնպես էլ Ադրբեջանի միավորված ընդիմության թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովը որոշակի նույն խնդիրներն ունեն` Բաքու մեկնելու եւ ընտրություններին մասնակցելու առումով: Ադրբեջանի նախագահի թեկնածուն վստահ է` այս ընտրությունները հետաքրքրիր կլինեն, քանի որ թեկնածուները տարբեր էթնիկական ծագում ունեն։

Խոսելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի` վերջերս արած այն հայտարարության մասին, թե  Ադրբեջանը կոչնչացնի Հայաստանը, Ադրբեջանի նախագահի թեկնածուն հայտարարեց, որ Հայաստանի դեմ պատերազմ հայտարարելը չի բխում  Ադրբեջանում բնակվող ժողովուրդների շահերից։ Գրիգորի Այվազյանն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում տեղի ունեցած եւ սպասվող որոշ իրադարձությունների: Մասնավորապես՝ խոսելով ՌԴ նախագահի` Ադրբեջան կատարելիք այցի մասին՝ նա կարծիք հայտնեց, որ այդ այցը պայմանավորված է Հայաստանի` ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ։

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը հակադարձեց նաեւ ասեկոսեներին, թե ինքը Սերժ Սարգսյանի բարեկամն է: Նրա խոսքով` դրանք շրջանառվում են Ադրբեջանի նախագահական ընտրությունների հետ կապված, որպեսզի կասկածի տակ դրվեն իր գործողությունների ինքնուրույնությունը։ Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավարը վստահ է, որ օրենսդրական առումով  իր թեկնածությունը գրանցելու ոչ մի խնդիր չկա,  իսկ եթե իրեն մերժեն, դա կլինի քաղաքական դրդապատճառներով եւ եւս մեկ անգամ կբացահայտի Ադրբեջանի իրական դեմքը: Ադրբեջանի համար շատ ավելի ծանր հետեւանք կունենա, եթե իրենց հնարավորություն չտրվի իրացնելու իրենց օրինական իրավունքը, վստահ է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը։

Ցուցադրել ավելի
Back to top button