ԿարևորՀասարակություն

Վճարովի կայանատեղիները չպետք է լինեն երթևեկելի մասում, «Աքիլեսի» ղեկավարը անպատասխան հարցեր է առաջադրում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Մայրաքաղաքում վճարողի ավտոկայանատեղիներ ստեղծելուն առնչվող օրենսդրական դաշտը կա, սակայն դրա կիրառման մեխանիզմ չկա, և նոր համակարգի ներդրման գործընթացում առաջ եկող տարատեսակ հարցերի պատասխանը չկա: Ավտովարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես»  ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը դեմ չէ, որ մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիներ լինեն, սակայն պահանջում է մինչ այդ նախ փոփոխությունը սահուն իրականացնելու հիմքեր ստեղծել, հաշվի առնել բոլոր «եթե»-ներն ու «բայց»-երը:

Օրինակ` եթե մարդը հեռախոս չունի կամ չգիտի հաղորդագրություն ուղարկելու ձևը, եթե  քաղաքացին վճարում է ողջ տարվա համար նախատեսված 12 հազար դրամը, բայց անհրաժեշտ վայրում չի գտնում կայանելու ազատ տեղ, եթե վճարում է մեկ ժամվա համար, արդյոք կարո՞ղ է տարբեր տեղերում կայանել մեքենան այդ մեկ ժամվա ընթացքում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները Էդուարդ Հովհաննիսյանը փնտրում է ու չի ստանում անգամ համակարգի պատասխանատուներից։

Էդուարդ Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Պետական տուրքերի մասին» օրենքում չկա մի կետ, որը սահմանի, որ վճարված գումարի ասենք 70%-ը պետք է գնա մասնավոր ընկերության բյուջե: «Հակառակը` օրենքը սահմանում է, որ բոլոր պետական տուրքերը մինչև վերջին լուման պետք է գնան համայնքային բյուջե: Իսկ ավտոկայանատեղիի վճարները պետական տուրքեր են»,- շեշտեց նա: Ընդ որում, նրա իսկ հաշվարկով,վճարովի ավտոկայանատեղիների շնորհիվ տարեկան հավաքագրվում է շուրջ 11 միլիոն դրամ:

Կազմակերպության ղեկավարին մտահոգում է` եթե կայանատեղիում մեքենան վնասվում է, ո՞վ է պատասխան տալու: «Եթե ոչ կանգառները սպասարկող ընկերությունը, ապա այսքանից հետո հարց  է առաջանում` ինչի համար է վճարում վարորդը»,- ասաց Հովհաննիսյանը: Նա ծանոթ է Չինաստանի փորձին, որտեղ վարորդներին տրամադրվում են չիպեր, եւ նա անգամ վայրկյանների ճշգրտությամբ իմանում է, թե կայանած վայրում մնալու համար դեռ ինչքան ժամանակ ունի: Իսկ հիմա մեր վարորդները պետք է ընկնեն րոպեների խառնաշփոթի մեջ, հետո փորձեն ապացուցել, թե որքան ժամանակ են կանգնել: Կայանատեղիներում անգամ ժամացույցներ էլ չկան, որ մեկ միասնական ժամով առաջնորդվեն գանձողներն ու վճարողները, ասում է։

Հովհաննիսյանը հիշեցնում է` ժամանակին իրենք կառավարությանը ներկայացրել են ծրագիր, ըստ որի` կայանատեղիները չպետք է լինեն երթևեկելի մասում: «Մեզ մոտ ընդհանուր օգտագործման ճանապարհներն անվճար են: Կայանելն ու կանգառ կատարելն էլ երթևեկության բաղադրիչ մաս է, ինչպե՞ս կարող է լինել վճարովի»,- հարց է բարձրացնում նա ու շտապում տեղեկացնել` «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը ևս ընդունում է, որ օրենքում շատ բացեր կան: Նրանց հետ հանդիպումից հետո Էդուարդ Հովհաննիսյանն ակնկալում է, որ օրենքում կամրագրվեն մի շարք կարեւոր դրույթներ` սկսած կայանատեղիներում մեքենաների պահպանության հարցից, վերջացրած մյուս խնդիրներով: Եթե ոչ՝ «Աքիլլեսի» ղեկավարը պատրաստ է միանալ նոր համակարգի դեմ ընդվզումներին։

Ցուցադրել ավելի
Back to top button