ԿարևորՄշակույթ

Վախճանվել է Մարկ Պետրոսյանը

Հայկական հեռուստատեսության հիմնադիրներից, արվեստի վաստակավոր գործիչ Մարկ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը ժամը 18- ին Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 9- ին ժամը 12- 14-ը Կամերային երաժշտության տանը։

Մարկ Պետրոսյանը մահացել է երեկ երեկոյան 82 տարեկան հասակում։ Նա Հանրային հեռուստատեսությունում աշխատում էր հիմնադրումից ի վեր։

 

Մարկ Պետրոսյանն այն եզակիներից է, որ հեռուստատեսությունում է վերջինիս սկզբնավորման օրից մինչ այժմ: Սկզբում եղել է հնչյունային ռեժիսոր, երաժշտական ձևավորող, ապա շուրջ 25 տարի` երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր: 1956թ. նոյեմբերին նորաստեղծ հեռուստատեսության աշխատակիցների ընդունելության մրցույթին շուրջ 400 մարդ էր մասնակցում: Մարկ Պետրոսյանին ընտրեցին երաժշտական բաժնի ղեկավար:

Շրջապատում նրան պարզապես Մարկ են կոչում. «Մարկի հաղորդում», «Մարկի ասույթ», «Մարկի գիրք», «Մարկի…»: Հետաքրքիր բնավորություն, անմիջական ու անհանգիստ, հեշտ բռնկվող, երեխայի պես նեղացկոտ, հաճախ անհաշտ ու ինքնասաց, իր գործի իսկական գիտակը և հայկական հեռուստատեսության գործիչը:

Մարկ Պետրոսյանը 1957թ.-ից երկու տարի շարունակ եթերում հայտնված դասական երաժշտությանը նվիրված «Ոսկե էկրան» հաղորդաշարի հեղինակն է, 1968թ. Երևանի 2750-ամյա հոբելյանին նվիրված հաղորդման կազմակերպիչն ու խմբագիրը: Հաղորդումը ցուցադրվեց Մոսկվայի Կենտրոնական հեռուստատեսությամբ և Ինտերվիդենիայով` Արևելյան Եվրոպայի երկրներում:

Մարկ Պետրոսյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ են նկարահանվել հայկական դասական օպերայի հիմնադիր Ալ. Սպենդիարյանի 100-ամյակին նվիրված ֆիլմը, Սայաթ-Նովայի 275-ամյա հոբելյանին նվիրված հաղորդումը, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Օհան Դուրյանի, Պավել Լիսիցյանի և այլ հայ մեծ երաժիշտների կյանքի ու ստեղծագործական ուղու մասին պատմող հաղորդումներ:

Իր ամենամեծ շնորհը Մարկ Պետրոսյանը համարում է այնպիսի մարդկանց հետ մտերմությունը, ինչպիսիք էին Արամ Խաչատրյանը, Մ. Ռոստրոպովիչը, Թարիվերդիևը, Էդուարդ Միրզոյանը, Լուսինե Զաքարյանը, Զարուհի Դոլուխանյանը, Բաշմետը, Սպիվակովը և այլ մեծանուն արվեստագետներ։

Հ1- ը Մարկ Պետրոսյանի մասին

Ցուցադրել ավելի
Back to top button