Հասարակություն

Ուսման վարձի բարձրացումը կնպաստի կրթության որակի բարձրացմանը, ասում է ՀՃՊՀ ռեկտորը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Օրեր առաջ մի խումբ երիտասարդներ հայտարարել էին, որ միավորվում են բուհերում ուսման վարձավճարները բարձրացնելու դեմ նոր պայքար ձեռնարկելու նպատակով։ Հայաստանյան մի շարք պետական բուհեր նոր ուսումնական տարվան ընդառաջ որոշել են ուսման  վարձավճարները բարձրացնել մինչեւ 30 տոկոսով` պատճառաբանելով` տարիներ շարունակ այն ցածր է եղել ու խոստանալով` դա կնպաստի կրթության որակի բարձրացմանը: 

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը եւս հանդես է եկել պարզաբանումներով` փորձելով վստահեցնել` ուսման վարձրավճարների բարձրացումը արդարացված է ու հստակ գնահատված, ինչը կբերի կրթության որակի բարձրացմանը: Նա բացատրել է, որ ճարտարագիտական համալսարանում վարձավճարի տարբերակված բարձրացում է կատարվել` ըստ մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի, որով ուսման վարձավճարներն ամենաքիչը բարձրացվել են 26 հազար դրամով, ամենաշատը` 72 հազար դրամ, իսկ միջինում բոլոր մասնագիտություններում վարձավճարն ավելացել է 11.2 տոկոսով:

Ճարտարագիտական համալսարանի ռեկտորը վստահ է, որ բարձրացված վարձավճարները թույլ կտան ունենալ առավել հավասարակշռված բյուջե: Մինչեւ 2012 թվականը պոլիտեխնիկն աշխատել է ցածր աշխատավարձերով, հնարավոր չի եղել ոչ պրոֆեսորադասախոսական կազմին նորմալ վճարել, ոչ էլ լաբորատորիաները զինել: Ավետիսյանը շեշտեց, որ ուսման վարձավճարները բարձրացվում են նաեւ ուսումնական հաստատությունում նոր լաբորատորիաներ բացելու ու այնպիսի ինժեներների պատրաստումը կազմակերպելու համար, որոնք կկարողանան աշխատել նորագույն սարքավորումներով, որպեսզի բուհն ավարտելուց հետո նրանց գիտելիքները հին ու անպիտան չլինեն մեր ժամանակներում առաջադրվող պահանջների համար:

Արա Ավետիսյանի խոսքով` իրենք պատրաստվում են ուսանողին ապահովել այն ամենով, ինչով նա պետք է սովորի: Նոր ուսումնական տարում այս բուհում սպասում են շուրջ 1000 առկա ուսուցմամբ դիմորդների:

Back to top button