ԿարևորՀասարակություն

«Գենդերը» հասարակական տարընթերցումների պատճառ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը տարընթերցումների տեղիք է տվել: Տարբեր կուսակցություններ եւ կազմակերպություններ օրենքում ամրագրված մի շարք ձեւակերպումների վերաբերյալ շարունակում են արտահայտել իրենց դժգոհությունները։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի խոսքով` օրենքն անցել է բոլոր անհրաժեշտ քննարկումները, ընդ որում` քննարկումներ են անցկացվել բոլոր մարզերում: 2011-ին ՕԵԿ-ի ներկայացրած նախագիծն ու կառավարության առաջարկած տարբերակը ամբողջացվել են մեկ նախագծում, որն էլ ընդունվել էր: Այդուամենայնիվ` օրենքում տեղ գտած մի շարք ձեւակերպումներ անընդունելի համարվեցին որոշ հասարակական կազմակերպությունների կողմից: Աննախադեպ քննարկումներից հետո նման տարընթերցումները աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը տարօրինակ է համարում։

Տարընթերցման տեղիք է տվել, մասնավորապես, օրենքում ամրագրված ձեւակերպումը, համաձայն  որի` «Գենդեր հասկացությունը տարբեր սեռի անձանց ձեռքբերովի սոցիալապես ամրագրված վարք է»: Նման ձեւակերպումը հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ անընդունելի են համարում` շեշտելով, որ օրենքի անվան տակ ընդունվել է մի փաստաթուղթ, որը այլասերում է քարոզում:

«Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության համակարգող Արման Բոշյանի փոխանցմամբ` եվրոպական ամրագրված ձեւակերպումներով` «գենդերը», ըստ էության, գաղափարախոսություն է եւ այն իրավունք է տալիս մարդուն փոխելու իր սեռը: «Օրինականացնում է բոլոր տեսակի այլասերումները»,- շեշտեց Արման Բոշյանը։

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանը նկատում է, որ տվյալ օրենքին հաջորդելու են այլ օրենքներ, որոնք նույնպես միտված են լինելու այլասերության պաշտպանությանը եւ դա չի կարող չանհանգստացնել։ Հայաստանում հասարակության ճնշող մեծամասնությունն օտարում է զարգացումն այդ ուղղությամբ, նկատեց Վարդան Խաչատրյանը։ Նա աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը գնահատականների հետ համաձայն չէ: Խաչատրյանի խոսքով` «գենդերին» առնչվող ձեւակերպումը պարզապես դասական ձեւակերպում է։

Միաժամանակ՝ փոխնախարարը հավելեց, թե` դեռ հուլիսի վերջերին, երբ հասարակության մեջ նկատվել է, որ նման ձեւակերպումը տարընթերցումների ու տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս, կառավարությունից ստացվել է բանավոր հանձնարարություն` տվյալ ձեւակերպումը փոխելու, հանելու մասին։ Օրենքի հիմնական նպատակը, Բերիկյանի խոսքով, ոչ թե հասարակության մեջ բաժանարարներ ստեղծելն է, այլ` միավորելը:

Օրենքում տեղ գտած «սոցիալական սեռ» ձեւակերպման վերաբերյալ հարցին էլ արձագանքելով` Բերիկյանը շեշտեց, թե ինքը ոլորտի մասնագետ չէ, որ մանրամասնորեն խորանա ձեւակերպումների ու տարբերությունների մեջ: Օրենքի դեմ բողոքողները համոզված են, որ ձեւակերպում փոխելով էությունը չի փոխվի եւ օրենքը պարզապես պետք է հետ կանչվի: Այդ պայքարին իր մասնակցությունն է բերելու նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Արգավանդի եկեղեցու հովիվ տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի համոզմամբ` ինչի մասին խոսվում է, պատկանում են մեղքի ոլորտին։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button