ԿարևորՀասարակություն

Վճարովի կանգառում մեքենայի վնասվելու դեպքում սպասարկող ընկերությունը պատասխանատվություն չի կրում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Վճարովի կայանատեղիները կարմիրով առանձնացնելու գործընթացն սկսվել է մայրաքաղաքի կենտրոնից եւ կընդգրկի բոլոր վարչական շրջանները: Նախատեսվում է ստեղծել շուրջ 20 հազար վճարովի կայանատեղի, որոնք կհսկեն մոտ 5000 տեսախցիկով, որոշ կայանատեղիների նկատմամբ էլ վերահսկողություն կիրականացնեն շրջիկ մեքենաները։

Վճարովի կանգառներ կլինեն միայն հանրային սեփականություն հանդիսացող տարածքներում, բակային տարածքներում գծանշում չի կատարվի: Այդ աշխատանքների պարտավորությունը ստանձնած «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանն այսօր տեղեկացրեց` մինչեւ 2014թ. ավարտն իրենք շուրջ 10 մլն դոլարի ներդրում պետք է իրականացնեն: Դա պետք է ուղղվի վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպմանը, սպասարկմանը, փողոցների կահավորմանը, նաեւ տեսախցիկների տեղադրմանը և տեսանկարահանող սարքերի միջոցով կայանատեղերի նկատմամբ վերահսկողությանը։


Ի՞նչ օրենքով կամ կարգով են վարորդները դեռ օգոստոսի 1-ից տուգանվել արդեն կարմիրով գծանշված տարածքներում կայանելու համար, եթե հայտարարվել էր, որ տուգանքներ կկիրառվեն միայն սեպտեմբերի 1-ից: «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրենը պարզաբանեց` տուգանողը ոչ թե իրենք են, այլ՝ Երեւանի քաղաքապետարանը: Իրենց միակ գործառույթն այս առումով քաղաքապետարանին բավարար ապացույցներ ներկայացնելն է, որ տվյալ տրանսպորտային միջոցը չի կատարել կայանման համար վճարումը։

Տուգանքներն իրոք գանձվելու են սեպտեմբերի 1-ից: Իսկ ովքեր արդեն վճարել են տուգանքը, այն ետ պահանջելու համար կարող են դիմել քաղաքապետարանին: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի փողոցներում կայանման համար դեռ գումար հավաքողների հարցին, ապա, ըստ բանախոսի, նման գործունեությունն անօրինական է։ Արտոնություններ ոչ մեկին, այդ թվում եւ տաքսու վարորդներին, չեն տրվելու։ Վճարել պարտավոր են բոլորը: Ընդ որում` վճարովի կայանատեղից օգտվելու համար պետք է վճարումն իրականացնի տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատերը:

Վարորդներին անհանգստացնող մյուս խնդրի առնչությամբ: Վճարովի կայանատեղերի համար տարեկան 12 հազար դրամ տուրքի գանձումն այս պահին կասեցված է: Հիշեցնենք` որոշ վարորդներ շտապել էին վճարել 12 հազար դրամն ու ազատվել գլխացավանքից, սակայն պարզվել էր, որ տարեկան վճարն ուժի մեջ է ընդամենը մինչ այս տարեվերջ: 2014 թ. հունվարից կրկին տարեկան դրույքաչափը կվերականգնվի: Այդպիսով՝ օրական վճարը ստացվում է 30 դրամ, հաշվարկել է Վազգեն Հարությունյանը: Իսկ կայանման համար սահմանված սակագների փոփոխություն նա չի կանխատեսում: Վճարովի կանգառում մեքենայի վնասվելու դեպքում սպասարկող ընկերությունը պատասխանատվություն չի կրում: Փոխհատուցում չեն տալու, սակայն տեսագրությունը տրամադրելու են Երեւանի քաղաքապետարանին, որտեղից էլ կարող են ստանալ քաղաքացիները:

«Փարքինգ Սիթի Սերվիս»-ի տնօրենը նաեւ վստահեցրեց` կայանման տուրքի գանձման դեպքում ժամի հաշվարկն իրականացվում է րոպեական հաշվարկի ճշգրտությամբ ու դրա մասին sms  հաղորդագրության միջոցով տեղեկացվում վարորդին։

Եւ որպես հիշեցում` Երեւանի ավագանու որոշմամբ՝ վճարովի կայանատեղիներում կայանման դիմաց գումար չի գանձվում մինչև 5 րոպե տևողությամբ կանգառ կատարելու դեպքում: Գծանշված կայանատեղիներում 5 րոպեից ավելի մինչև մեկ ժամ կանգնելու դեպքում վճարման չափը 100 դրամ է, մեկ օրվա համար՝ 500, մեկ շաբաթվա համար՝ 1000, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ, մեկ տարվա համար՝ 12000 դրամ: Երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ը կայանելու համար գումար չի գանձվի։

Ցուցադրել ավելի
Back to top button