Վերլուծական

Իրանը, ավելի քան որեւէ այլ երկիր, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանի եւ Իրանի նախագահների երեկ կայացած հանդիպման ժամանակ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին շեշտել է այն հանգամանքը, որ Հայաստանը միջազգային կազմակերպություններում պաշտպանել է Իրանի դիրքորոշումները կամ դրանց մոտ դիրքորոշումներ է արտահայտել: Իրանագետ Ռուդիկ Յարալյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ Հայաստանի դերի այս կարեւորումը բավական հուսադրող է եւ մենք պետք է միեւնույն վերաբերմունքն ակնկալենք Իրանից Ղարաբաղյան խնդրում։

Իրանագետի խոսքով` Իրանում շատ լավ գիտակցում են Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները եւ այն, որ եթե նրանք որեւէ կերպ տուրք տան դրանց, ապա հերթականը կարող է լինել Իրանի թյուրքախոս բնակչություն ունեցող տարածքների խնդիրը: Այս մասով Ադրբեջանի հավակնությունները նվազ չափով չեն արտահայտվում եւ այդ առումով Իրանի տարածքային ամբողջականությանը սպառնացող լուրջ վտանգ կա, նկատեց իրանագետը։


Խոսելով փաստի մասին, որ Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությունից առաջ ԱՄՆ-ն խստացրել է Իրանի հանդեպ պատժամիջոցները նավթի արտահանման ոլորտում` Ռուդիկ Յարալյանը կարծիք հայտնեց, որ եթե նախկինում Իրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության կոշտությունը կարող էր պատճառաբանվել, ապա այսօր նման ճմշումները, կարծես թե, ժամանակավրեպ են, քանի որ աշխարհին հայտնի է, որ Իրանի նորընտիր նախագահը բարյացակամ է տրամադրված Արեւմուտքի հետ բանակցությունները շարունակելու եւ խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում։

Ինչ վերաբերում է հայ-իրանական հետագա հարաբերություններին, ապա իրանագետ Ռուդիկ Յարալյանը չի կիսում մամուլում տեղ գտնող այն վերլուծությունները, թե այստեղ որոշակի խոչընդոտներ են ի հայտ գալիս: Նա չի տեսնում իրական հիմք, որ Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը կարող է խոչընդոտ լինել Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում: Հայ- իրանական հարաբերությունների դինամիկան ցույց է տալիս, որ հատկապես վերջին շրջանում կա ինտենսիվություն` տարբեր ոլորտներում, իսկ առաջիկա սեպտեմբերին էլ սպասվում է Թեհրանից բավականին բարձրաստիճան պատվիրակության այց Երեւան, որի ընթացքում նախատեսված է բավականին լուրջ պայմանագրերի ստորագրում: Իրանի նորընտիր նախագահի արտաքին քաղաքական մոտեցումներն էլ բավականին հայտնի են եւ, նման պայմաններում, միանշանակ պետք է հայ-իրանական հարաբերություններում ակնկալել առավել դրականը։

Գնահատելով երկկողմ հարաբերությունների կարեւորությունը` իրանագետը նկատեց, որ ԻԻՀ-ն այս տարածաշրջանի պետություն է եւ այն, ավելի քան որեւէ այլ երկիր, շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության պահպանման հարցում: Այս առումով, իրանագետի համոզմամբ, եթե Իրանը որեւէ կերպ մասնակցություն ունենա ԼՂ հիմնահարցի կարգավորմանը, ապա այդ մասնակցությունը կլինի միանշանակ դրական։

Ցուցադրել ավելի
Back to top button