

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
1968 թվականին Ասորիների համաշխարհային միությունը օգոստոսի 7-ը հայտարարել է ասորիների ցեղասպանության օր։ Այդ օրը նշում է նաեւ Հայաստանի ասորական համայնքը։ Երեւանի Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում տեղադրված ասորիների ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին այս տարի եւս կմատուցվի պատարագ, ասում է Ասորիների «Աթուր» միության նախագահ Արսեն Միխայլովը:
Հայաստանի ասորական «Աթուր» միության անդամ Ռազմիկ Խոսրոեւը նկատում է, որ վերջին շրջանում ընդունված մեկ-երկու բանաձեւերում հայ, հույն եւ ասորի ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունները դատապարտվում են որպես մարդկության դեմ կատարված ամենախոշոր ոճիրներ` մեկ բանաձեւով: Հետեւաբար, ըստ նրա, հայերը, հույներն ու ասորիները համատեղ աշխատանք պետք է տանեն։
Հայերը հիմնական պահանջատերն են, սակայն, Ռազմիկ Խոսրոեւի ցանկությունն է, որ այդ պահանջում ներառվեն նաեւ ասորիների եւ հույների պահանջները: Նա կարծում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն այն հանգրվանն է, որ կարող է դառնալ երեւույթ նաեւ ասորիների համար, իսկ ասորիների համար առաջնային եւ ամենագլխավոր խնդիրներից մեկը ըստ Խոսրոեւի, անլիարժեքության սինդրոմի վերացումն է։