

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանին։ Սիրված դերասանի աճյունը դրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային-ակադեմիական թատրոնի ճեմասրահում, թատրոն, որի առաջատար դերասաններից էր նա:
Ազատ Գասպարյանին հուղարկավորել են Երևանի քաղաքային պանթեոնում: Արվեստագետը վախճանվել էր օգոստոսի 2-ին՝ 70 տարեկան հասակում։ Նա Խորհրդային Միության պետական մրցանակի դափնեկիր է, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր։
Դերասանի ընկերներից, հարազատներից և երկրպագուներից բացի հրաժեշտ տալու էին եկել նաև մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, մշակույթի նախարարն ու Երևանի քաղաքապետը։