ԿարևորՔաղաքական

Սարգսյան- Ռոհանի հանդիպումը. քննարկվել է նաեւ Ղարաբաղյան խնդիրը

Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի հետ: Հանդիպման սկզբում Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք ու նորանոր հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:

Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են, որ հայ- իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է և վկայում է մի շարք խոշոր նախագծերի իրականացման մասին: Գոհունակություն հայտնելով Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ավանդական դարավոր բարեկամության վրա հիմնված փոխշահավետ համագործակցության բարձր մակարդակից՝ նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ընդգծել են այդ համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին ջերմությամբ են հիշել ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով իրենց հանդիպումները և պատրաստակամություն հայտնել նույն ոգով աշխատել հայ-իրանական համագործակցության խորացման ուղղությամբ:

Back to top button