ԿարևորՏնտեսական

Խոշոր ընկերությունների մոտ 30 տոկոսը գերադասում է աուդիտ չանցնել

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Կառավարության վերջին նիստերից մեկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել էր հանրապետությունում գործող խոշոր ընկերություններին ու խոստորեն հանձնարարել` դրանք բոլորը պետք է պարտադիր արտաքին աուդիտ անցնեն, եւ աուդիտի արդյունքները պետք է ներկայացվեն հանրությանը: Աուդիտ անցնելու վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր: Ժամկետն արդեն լրացել է, սակայն  խոշոր համարվող 941 կազմակերպություններից 311-ում աուդիտ ընդհանրապես չի անցկացվել:

Ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանն այսօր, ներկայացնելով աուդիտի արդյունքները, տեղեկացրեց, որ նախարարությունն ընդառաջել է այն կազմակերպություններին, որոնք մինչեւ վերջնաժամկետը չեն ավարտել աուդիտը: Վերջիններիս հաշվետվություններն էլ ավարտվելուն պես կընդունվեն, միայն թե Ֆիննախը խնդրում է այդ մասին տեղեկացնել իրենց։ Սակայն նկատենք, որ այս պարագայում առաջանում է հակասական իրավիճակ: Նախ՝ վարչապետը հայտարարում է, որ ֆինանսական հաշվետվությունների մասով պրոբլեմներ ունեցող խոշոր ձեռնարկությունների նկատմամբ պետք է կիրառվեն օրենքով սահմանված բոլոր պատժամիջոցները: Իսկ  Ֆինանսների փոխնախարարն այսօր պարզաբանում է` օրենքով պատիժ չի նախատեսվում խախտում թույլ տված ընկերությունների նկատմամբ: Պարզապես կառավարության որոշմամբ տվյալ տարում այդ ընկերությունները զրկված կլինեն պետական գնումների գործընթացին մասնակցելուց: Ֆիննախում կարծում են, որ սա ամենալուրջ պատիժն է։

Մինչ վարչապետը հանձնարարել էր լրատվամիջոցների միջոցով հասարակությանն անուն առ անուն ներկայացնել ոչ թափանցիկ ֆինանսական գործեր ունեցող խոշոր ընկերությունների անունները, ֆինանսների փոխնախարարն այսօր ասուլիսի եկավ առանց այդ անունների ցանկի, սակայն խոստացավ` անունները շուտով կլինեն Ֆիննախի պաշտոնական կայքում: Անունները շուտով ներկայացվեցին: Դրանց թվում են հանրությանը հայտի այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ոսկու շուկան ներկայացնող «Վաղարշ եւ որդիներ»- ը, «Ջերմուկ գրուպ»-ը, «Արաքս» թռչնաֆաբրիկան: Իրենց ֆինանսական հաշվետվություններում թափանցիկ չեն եղել նաեւ մանկավարժական, տնտեսագիտական եւ ճարտարապետաշինարարական համալսարանները, մայրաքաղաքային մի շարք խոշոր բուժկենտրոններ, Հայաստանի էլեկտրական ցանցերն ու մետրոպոլիտենը, Կոտայքի գարեջրի, Ավշարի գինու եւ Արարատի կոնյակի գործարարանները:

Լիցենզավորված աուդիտորական բոլոր 33 ընկերությունների դիտարկումների արդյունքում պարզ է դարձել` 941 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի է ենթարկվել 630-ը, որից 427-ին տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 203- ը չի ստացել դրական եզրակացություն, 311- ում աուդիտ ընդհանրապես չի անցկացվել:

Հիշեցնենք` խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց տարեկան հասույթը կամ ակտիվները տարվա վերջի դրությամբ գերազանցում են մեկ միլիարդ դրամը: Ի դեպ` աուդիտի արդյունքներով բացասական եզրակացության արժանացած ընկերությունների անվանացանկի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանց մի ստվար մասը պետական գնումներին մասնակցելու ոչ անհրաժեշտություն ունի, ոչ էլ կարիք: Դրանց նաեւ իրենց անունն այս առումով շոշափելը կարող է չանհանգստացնել: Ստացվում է, որ վարչապետի հորդոր-հրահանգն անտեսելը, օրենքով չառաջնորդվելն ու ոչ թափանցիկ ֆինանսական գործեր վարելը նրանց ոչ միայն որեւէ պատժամիջոցով չի սպառնում, այլեւ չի էլ անհանգստացնում։

Ցուցադրել ավելի
Back to top button