

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հայ-թուրքական սահմանը հատած թուրք հովվի սպանությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, սակայն, ինչպես այսօր նկատեց քաղաքագետ Արա Պապյանը, Հայաստանը պաշտոնական որևէ բողոք թուրքական կողմից չի ստացել: Քաղաքագետը հիշեցրեց, որ միջադեպի առնչությամբ կա իրարամերժ երկու վարկած:
Թուրքական կողմը պնդում է, թե հովիվը պատահական է հատել սահմանը, ինչի արդյունքում սպանվել է, իսկ սահմանապահները պնդում են, որ հովիվը զինված է եղել և ինքն էլ առաջինն է կրակ բացել: Նշենք, որ Հայաստանի սահմանի այդ հատվածը հսկում է ռուսական սահմանապահ ջոկատը: Արա Պապյանին, սակայն, ոչ այնքան միջադեպի մանրամաներն են հետաքրքրում, որքան այդ միջադեպի նկատմամբ վերաբերմունքը՝ ներկայացվող համատեքստում: Արա Պապյանը չի բացառում, որ այդ միջադեպն իրականում Ռուսաստանի կողմից ճնշում է Հայաստանի նկատմամբ, և իր այդ տեսակետը քաղաքագետը բացատրում է նրանով, որ դեռևս ռուսական կողմը ցույց չի տվել այն զենքը, որն, իբր, գտնվել է հովվի մոտ:
Այսպիսով` քաղաքագետը գտնում է, որ միջադեպը ճնշման տարբերակ է՝ Ասոցացման պայմանագրի հնարավոր ստորագրման շեմին: Միևնույն ժամանակ՝ կարծում է, որ անկախ ամեն ինչից միակ ճիշտ և խելամիտ քայլը կլինի եվրոպական ինտեգրումը: Այս առումով՝ ի դեպ՝ Արա Պապյանին շատ է զարմացնում քաղաքագետների լռությունը, քանի որ մեր պետությունն իսկապես լուրջ ընտրության առջև է կանգնած, եթե ոչ՝ կարևորագույն: Անձամբ Արա Պապյանը առաջարկում է ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը` միևնույն ժամանակ վստահ լինելով, որ այդ քայլը Ռուսաստանի կողմից կընդունվի ջղաձգումներով: