Հասարակություն

Երեխան հղիության ընթացքում իր մորն ուղղված ամեն բացասական բառ կամ ժեստ կարող է վերապրել հետագա ողջ կյանքում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ամառային արձակուրդներին հղի կանանց համար ծովափնյա հանգստի առանձնակի հակացուցումներ չկան, սակայն հատկապես հղիության առաջին եւ երրորդ եռամսյակում գտնվող ապագա մայրերը պետք է խուսափեն արեւայրուքից: Միաժամանակ՝ չի կարելի անտեսել վարակներն ու տարբեր հիվանդությունները, որոնք տարածված են ափամերձ շրջաններում: Սա վերաբերում է հատկապես այն վայրերին, որտեղ մարդկանց մեծ հոսք կա:

Հատուկ ուշադրության է արժանի սննդակարգը, որն ամեն հղի կնոջ դեպքում պետք է հսկի նրա անձնական բժիշկը: Այսօր այս թեմայից խոսելիս՝ հոգեբան Ռուբեն Պողոսյանը չմոռացավ ընդգծել` ապագա երեխան զգում է ամեն մանրուք: Երեխան հղիության ընթացքում իր մորն  ուղղված ամեն բացասական բառ կամ ժեստ կարող է վերապրել իր հետագա ողջ կյանքում: Հոգեբանը հիշեց մի դեպք, երբ հղի կնոջը դիահերձելուց արձանագրվել է, որ այն տրավման, ինչից մահացել էր մայրը, արձանագրվել է նաև երեխայի մոտ։ «Ստացվում է՝ երեխայի հետ պատահում է գրեթե նույնը, ինչ պատահում է մոր հետ հղիության ժամանակ»,- նշեց նա։

Հոգեբան Ռուբեն Պողոսյանը հիշեցնում է «Երեքի ցանկություն» տեսությունը, ըստ որի` միայն մոր, հոր եւ պտղի ցանկությունները համընկնելու պայմաններում կարող է առողջ երեխա զարգանալ: Մասնագետների մի ստվար զանգված հակված է կարծել, որ երեխան անգամ արատավոր կարող է ծնվել, եթե բացակայում է նրա ծնվելու` անգամ մեկ կողմի ցանկությունը: Հոգեվերլուծաբաններն էլ իրենց պնդումներն ունեն. կյանքում մարդուն պատուհասող շատ խնդիրների հիմքը դրվում է դեռ նրա սաղմնային կյանքի ընթացքում: «Սա ժամացույցի պես աշխատող մեխանիզմ է: Չծնված երեխաներն ամեն ինչ զգում են. ապացուցված է»,- համոզված է մասնագետը: Այս տեսակետը հիմնավորվում է հետեւյալ դիտարկմամբ. բռնաբարությունից ծնված երեխաների մեծ մասի մոտ հետագայում նկատվում է անգամ խելագարության հակում։ Հղիության ընթացքում մոր տարած վախերը հետագայում երեխաների մոտ են ֆոբիաներ ծնում, որոնք հասնում են մինչեւ դպրոց, բանակ, հասարակություն։

Գինեկոլոգ Լիլիթ Կուջոյանին իր աշխատանքային գործունեության ընթացքում հայ կանայք երբեմն նաեւ հոգեբանական խնդիրներով են դիմում: Պատահում է` նախապես խնդրում են զգուշացնել իրենց ամուսիններին` լինել ավելի հոգատար ու համբերատար։ Գինեկոլոգը նաեւ ազգային առանձնահատկություններից սկիզբ առնող խնդիրներ է տեսնում: Երբեմն ամուսիններին պետք է հատուկ զգոնացնող արտահայտություններով զգուշացնել`չծխել հղի կնոջ ներկայությամբ: Երեխայի ապագան պետք է ծրագրել մինչ նրա ծնվելը: Իսկ ֆիզիկապես եւ հոգեպես առողջ մարդու ձեւավորման առաջին նախապայմանը ընտանիքում սիրո եւ ներդաշնակության առկայությունն է: Դասական երաժշտություն, մշտական շփում  հայրիկի ու մայրիկի հետ, թեեւ դեռեւս ոչ դեմառդեմ. սա պարտադիր է հղիության ընթացքում, հիշեցնում են մասնագետները։

Back to top button