ԿարևորՀասարակություն

Սեւանում ջրի որակը լավացել է, սակայն ծանր մետաղներ դեռ կան

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Անցյալ տարի հիմնադրված Ստորջրյա հետազոտական և սուզումների հայկական կենտրոնն այս տարի հուլիսի 19-ից սկսել է հայ-ֆրանսիական 4-րդ գիտարշավը, որն ավարտվել է ամսի 26-ին: Սևանա լճում անցկացրած գիտարշավի ընթացքում սուզորդները նմուշներ են վերցրել լճից, լուսանկարել իրենց տեսածը և հանձնել  հետազոտական ինստիտուտներին և գիտնականներին;  Կենտրոնի նպատակն է նաեւ ստորջրյա լողը զարգացնել  Հայաստանում: Ըստ Ստորջրյա հետազոտական և սուզումների հայկական կենտրոնի հիմնադիր ֆրանսահայ սուզորդ Ստեփան Կոջոյանի` ինչքան շատ լինեն սուզորդները, այնքան քիչ կլինեն վտանգները: Կոջոյանի տեղեկացմամբ` այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում սպորտի եւ երիտասարդության հարցերի ու արտակարգ իրավիճակների նախարարությունների  հետ։

Սուզորդները Սևանում հանդիպել են ոչ նոր ձկնատեսակների վտառի` կարաս, հայկական տառեխ, սազան, կողակ։ ԳԱԱ  հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի կարծիքով՝ վտառն այստեղ չափազանցված արտահայտություն է ձկնային պաշարները կորցրած լճի համար: Ըստ նրա` այս սեզոնին մանրաձուկ կա  և նշեց, որ Սևանում վերջին տարիներին հայտնվել են 2 նոր ձկնատեսակներ` հայկական տառեխ և չեբաչյոկ,  որոնք սակավարժեք ձկնատեսակներ են և ոչ ցանկալի լճի համար: Այսօր Սևանա լճի ջրի որակը ավելի լավ է, քան 70- ական թվականներին, երբ լիճը ճահճակալում էր և հաճախ ծածկվում տարբեր ջրիմուռներով, նշեց Էվելինա Ղուկասյանը և ավելացրեց, որ ջրի մակարդակի բարձրացմամբ այսօր նվազել են բոլոր վերը նշված երևույթները:

 

ԳԱԱ հիդրոէկոլոգիայր և ձկնաբանության ինստիտուտի մի քանի տարի առաջ արած ուսումնասիրությունները պարզել են նաեւ, որ  խեցգետնի ձվապարկի մեջ բավականին  մեծ քանակությամբ պղնձի և կապարի կուտակումներ կային։ «Տեղեկացնում ենք բնակիչների, որպեսզի սննդի մեջ չօգտագործեն խեցգետնի խաշած ձվիկները»,- ասում է ինստիտուտի տնօրենը։

Ցուցադրել ավելի
Back to top button